HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատավորը շարունակում է ապացուցել իր կախվածությունը

ԱԱԾ-ն աղավաղել է փաստերը

Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Սեֆիլյան-Մալխասյան-Արոյան եռյակի դատավարությունը:

Մինչ դատաքննության սկսվելը դատախազ Արթուր Մկրտչյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Մեղադրողը մեջբերեց Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի` «Հայ կամավորականների համախմբման» առաջին հավաքում արված ելույթների այն հատվածները, որոնք ԱԱԾ-ն որակել է որպես ՀՀ Քր.օր.-ի 301 հոդվածով դատապարտելի «իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի առաջին մասով` ապօրինի հրազեն ու ռազմամթերք պահելու համար:

Սեֆիլյանի պաշտպան Վ. Գրիգորյանը փորձում էր հստակ պարզաբանումներ ստանալ Սեֆիլյանին վերագրվող հակասահմանադրական կոչերի վերաբերյալ, սակայն Մ. Մարտիրոսյանը պաշտպանի իրավունքն անտեսեց:

Քր.օր.-ի 235 հոդվածի առաջին մասով մեղադրվում է նաեւ Սեֆիլյանի մարտական ընկեր, Լուսառատ գյուղի բնակիչ Վահան Արոյանը, ում տանը ԱԱԾ-ն հայտնաբերել է մեծ քանակով զենք ու զինամթերք:

Այնուհետեւ հաստատվեց ապացույցների հետազոտման կարգը: Սակայն մինչ այդ եւ դրանից հետո Սեֆիլյանի պաշտպանները դատարանին խնդրում էին լսել Սեֆիլյանի կալանքը փոխելու մասին իրենց միջնորդությունը, որը ներկայացվել էր դեռ նախորդ նիստում, բայց թողնվել էր առանց քննության եւ պետք է քննվեր դատաքննության փուլում: Դատավոր Մարտիրոսյանը խոստացավ միջնորդությունը լսել ամբաստանյալների հարցաքննությունից հետո:

Առաջինը պետք է հարցաքննվեր Սեֆիլյանը, որը չընդունեց իրեն ուղղված մեղադրանքները` դրանք համարելով անհեթեթ եւ նախկինի պես հրաժարվեց ցուցմունք տալուց: Փոխարենը Սեֆիլյանը օգտվեց հայտարարություն անելու իրավունքից:

Նա մասնավորապես նշեց, որ իր ձերբակալությունից երկու օր անց ընկերներից մեկը դիմել է նախագահ Քոչարյանին` պարզաբանումներ ստանալու համար: Սեֆիլյանի մեջբերմամբ` Քոչարյանը պատասխանել է. «Մինչեւ ընտրությունների ավարտը պահելու ենք մեկուսարանում: Սա քաղաքական որոշում է ամենաբարձր մակարդակով»: Խնդրով հետաքրքրվող մեկ այլ անձի Քոչարյանը պատասխանել է. «Նրանց գործում ոչ մի բան էլ չկա, պարզապես մենք տեղեկություն ենք ունեցել, որ նրանք ընտրություններից հետո պատրաստվում են ուժային գործողություններ կատարել»: Սեֆիլյանը սա համարում է սոսկ ենթադրություն, ինչի հիման վրա մարդկանց ձերբակալում են: Մեկ այլ անձի այն հարցին, թե ինչու են Ժիրայրին կալանքի տակ պահում, Քոչարյանը պատասխանում է. «Դատելու եմ եւ հետո էլ արտաքսելու եմ»: Ըստ ազատամարտիկի` Քոչարյանը, փաստորեն, իրեն համարում է ոչ միայն նախագահ, այլեւ ամենահզոր դատավոր ու դատախազ: Հուլիսին Քոչարյանի աշխատակազմից նորից ցանկացել են իմանալ, թե ի վերջո ինչ է լինելու: Քոչարյանը պատասխանում է. «Երեւում է, որ նա իրեն լավ է զգում մեկուսարանում, օրը մեջ հայտարարություններ է անում: Քանի այդպես է, ուրեմն նրան միգուցե պահենք մինչեւ նախագահական ընտրությունները»: Սեֆիլյանը համեմատականներ անցկացրեց նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ: Նախկին դաշնակցականը, որն առ այսօր չի ընդունում ՀՀՇ-ին, այնուամենայնիվ, կարծում է, որ 1991-ին, ի տարբերություն այսօրվա, մենք պետականություն ունեցել ենք, եւ չնայած 1992-ին ներքին պայքարի պատճառով անկում սկսվեց, «լեւոնյան» եւ «վազգենյան» իշխանությունները փորձել են կասեցնել անկումը, այսինքն` իշխանության կազմում կային ողջախոհ մարդիկ, որոնք ընդունում էին իրենց սխալը եւ մտածում էին ազգի մասին: Ըստ Սեֆիլյանի` 1999-ի հոկտեմբերի 27-ի կտրուկ անկումից հետո` 2003-ին, երբ Քոչարյանը «իրեն նախագահ նշանակեց, մեր պետականության ֆոնդը սպառվեց»: Սեֆիլյանն անհեթեթ է համարում այս պարագայում խոսել անկախ դատական համակարգի մասին: «Եթե դու, Մնացական Մարտիրոսյան, անկախ դատավոր լինեիր, այսօր պետք է վարույթը կասեցնեիր»: Դատավորի պարզաբանմանը, թե պետք է դիմել «հարգելի դատարան» արտահայտությամբ, Սեֆիլյանն ասաց, որ դա անելն իր համար դժվար է: Եւս մեկ անգամ Սեֆիլյանը հրաժարվեց ցուցմունք տալ «սուտ» դատարանին եւ հայտարարեց, որ եթե իշխանություններն իրենց թեկուզ 7 տարի պահեն, իրենք չեն հրաժարվի իրենց գաղափարներից ու նպատակներից, որն է ապագա բարոյական Հայաստանի կերտումը:

Վ. Մալխասյանը նույնպես հայտարարություն արեց, բայց չհրաժարվեց հետո ցուցմունք տալուց: Իր խոսքում նա կարեւորեց արդարության հաստատումը Հայաստանում, ինչի համար իրենք միշտ պայքարել են: «Մեր նկատմամբ բառիս բուն իմաստով իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, չի գործում օրենքի տառն ու տրամաբանությունը»,- հայտարարեց Մալխասյանը:

Հարկ է նշել, որ Մալխասյանը նախաքննական մարմնին ցուցմունք տալիս, չճանաչելով իր մեղավորությունը, ասել է, որ դեկտեմբերյան հավաքում ելույթ է ունեցել հանպատրաստից, եղել է խմիչքի ազդեցության տակ, արել է անհիմն արտահայտություններ եւ զղջում է կատարածի համար, խնդրել է հաշվի առնել, որ իշխանափոխության իրական մտադրություն չի ունեցել:

Վահան Արոյանն էլ նշեց, որ եթե օրենքն արգելում է անօրինական զենք պահելը, ապա իրեն մեղավոր ճանաչում է, բայց նաեւ նշեց, որ այսօրվա պայմաններում սահմանամերձ գոտում ապրող ցանկացած հայ պարտավոր է զենք կրել` հնարավոր սպառնալիքներին դիմագրավելու համար:

Մյուս կողմից` պարբերաբար խոսվել է այն մասին, որ Արոյանը սերտ հարաբերությունների մեջ է եղել սահմանամերձ ուղեկալների հրամանատարների հետ եւ համագործակցել է նրանց հետ: Այնինչ այսօր զենք-զինամթերք ունենալու փաստը իշխանությունների կամայականությամբ օգտագործվում է ի վնաս նրա:

Ամբաստանյալների ելույթներից հետո հերթական անգամ կալանքը փոխելու մասին միջնորդություն ներկայացրին Սեֆիլյանի պաշտպանները, նույնն արեց նաեւ Մալխասյանի փաստաբան Շուշանյանը: Սակայն դատախազ Արթուր Մկրտչյանի միջնորդությամբ դատավորը կալանքի մասին հարցերը որոշեց քննարկել ապացույցների հետազոտման փուլից հետո: «Դատարանը կատարում է այն, ինչ մեղադրողն է ասում»,- հայտարարեց փաստաբան Ա. Զաքարյանը: Վ. Գրիգորյանն էլ դատավոր Մարտիրոսյանին հիշեցրեց, որ իրենք նման դեպքերի որոշակի փորձառություն ունեն եւ կարծում են, որ հետագայում էլ դատարանը պատճառաբանելու է, թե միջնորդությունը ոչ ժամանակին է: Փաստորեն, դատարանը պաշտպանների միջնորդությունները քննարկելու է այնքան ուշ, երբ արդեն դրա անհրաժեշտությունն էլ չի լինի: Այնինչ խափանման միջոցի մասին վերջնական որոշում պետք է կայացվեր դեռ դատաքննությունից առաջ:

Դատարանն ապացույցների հետազոտման փուլում ներկայացրեց ելույթների տեսաձայնագրությունները, բազմաթիվ փաստաթղթեր: Վ. Մալխասյանի ելույթի «սրանց դեմ իրենց զենքով պետք է պայքարել» հատվածը մեղադրականում ներկայացվել էր որպես «սրանց դեմ միայն զենքով պետք է պայքարել»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ քննչական խումբը կամ լեզվական ու լսողական խնդիրներ ունի, կամ էլ, ինչն ավելի մոտ է իրականությանը, փաստերը խեղաթյուրելու ու «գործ սարքելու» տաղանդ:

Փաստաթղթերում նշված է, որ Սեֆիլյանն իր «Մակարով» տեսակի ատրճանակը, որպես հաշվեցուցակային հրազեն, ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թ. 0397 հրամանով եւ պարտավոր էր հանձնել այն զորացրվելուց հետո: Սակայն Սեֆիլյանը, նրա պաշտպանները եւ մտերիմները պնդում են, որ դա անվանական զենք է` նվեր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունից: Հուլիսի 13-ի նիստում փաստաբանները դատարանին ներկայացրին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Սեֆիլյանին «Մակարով» տեսակի անվանական ատրճանակով պարգեւատրելու մասին հրամանը:

Այլ փաստաթղթային տվյալներով` ակտիվիստներն իբր թե ԶԼՄ-ներով հայտարարություններ են արել, բացահայտ հակաիշխանական դիրքորոշում ունեն: Այս մտքերն ու ձեւակերպումները պաշտպանները որակեցին որպես անիմաստ եւ անհեթեթ:

Ինչի՞ է սպասում դատավորը

Հուլիսի 13-ին շարունակվեց փաստական ապացույցների ներկայացումը: Ամբաստանյալների փաստաբանները զուգահեռաբար դատարանի ուշադրությունն էին հրավիրում դրանցում առկա բացթողումների եւ անճշտությունների վրա:

Հայտարարություն արեց Վ. Մալխասյանը: Նա նշեց, որ 2006-ի դեկտեմբերի 10-ին` ժամը 21.30-ին, իրենց տուն են մտել ԱԱԾ-ի աշխատակիցները եւ սկսել խուզարկությունը: Լինելով կիսահարբած վիճակում` ինքն, այնուամենայնիվ, միջամտել է ԱԱԾ-ականների եւ որդու միջեւ քաշքշոցին, խուզարկությունից հետո էլ նրան տարել են ԱԱԾ եւ մինչեւ առավոտվա ժամը 7-8-ը պահելով` ստիպել են ոչ պայծառ գիտակցությամբ ցուցմունք գրել: Մալխասյանը հայտարարեց, թե զղջում է, որ դեկտեմբերի 2-ին «թույլ» ելույթ է ունեցել եւ սրանից հետո ավելի քննադատաբար է մոտենալու իշխանություններին:

Փաստաթղթերի ներկայացումից հետո Սեֆիլյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել խուզարկություններին վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնք կազմվել են ԱԱԾ քննչական խմբի անդամ չհանդիսացող քննիչների կողմից: Չնայած մեղադրող Մկրտչյանի առարկությանը` դատավոր Մարտիրոսյանն ընդունեց, որ այլ քննիչներ են փաստաթղթեր կազմել, բայց միջնորդության քննարկումը, ինչպես եւ կալանքը փոխելու մասին հարցը, հետաձգեց ապացույցների հետազոտման փուլի ավարտից` վկաներին հարցաքննելուց հետո:

Սա ծայրաստիճան զարմացրեց պաշտպաններին եւ ներկաներին: Փաստաբան Ա. Զաքարյանը օրենքի մեջբերմամբ նշեց, որ այդ միջնորդությունը ոչ մի կապ չունի վկաների հացաքննությունների հետ, սակայն դատավորը մնաց իր որոշմանը:

Ակնհայտ է, որ դատավոր Մարտիրոսյանը սպասում է «վերեւների» որոշմանը: Դա երեւում է նրա գրեթե յուրաքանչյուր քայլից: Նա արդեն 3-4 միջնորդության քննարկում է հետաձգել մինչեւ բազմաթիվ վկաների հարցաքննությունների ավարտը: Սա, անշուշտ, ժամանակ շահելու եւ ամբաստանյալներին իրական դատողների կամայականությունները լսելու նպատակ ունի:

Վկաների հարցաքննությունը կսկսվի հուլիսի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter