HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր հողը կանչում է մեզ

10-ամյա Միրան Արցախի իր դպրոցում գերազանցիկ էր։ Ափսոսում է, որ գովասանագիրը հետը չի բերել․ վրան դրոշ կար, ասել էին, որ Արցախի դրոշը չեն թողնում դուրս հանել, ինքն էլ գովասանագիրը թողել է գյուղի՝ Քերթի իրենց տանը։ Անունը Միրա են դրել, որովհետև խաղաղություն է նշանակում։ Ինքն է ասում ու ցույց տալիս նոր ընկերոջը՝ խաղալիք նապաստակին, որ Արագած գյուղի դպրոցի դասընկերներն են նվիրել։

Առուստամյանների ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում թողել է տունը, մեքենաները, անասուններին։ 8 հոգով հիմա ապրում են Արագածոտնի մարզի Արագած գյուղում։

Սիլվա Սարգսյանը՝ Միրայի տատը, բուժքույր է։ 35 տարի աշխատել է իրենց գյուղի բուժկետում։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան էլ բուժկետում է եղել, երբ աղջիկը՝ Անահիտը, զանգել է, թե կռիվ է սկսվել Ասկերանի ուղղությամբ։

«Չհավատացինք։ Ժամը մեկին տեսա արդեն, որ մեր մոտ էլ են լսվում էդ ձեները»,— պատմում է տիկին Սիլվան։

Սեպտեմբերի 24-ին՝ առավոտ ժամը 5-ին, տիկին Սիլվան վեր է կացել, խմոր հունցել։ Հարևանի տանը թոնիր են վառել, միասին հաց են թխել։ Չի իմացել, որ գյուղից դուրս գալու համար երկու ժամ են տվել։

«Եկա տուն, տեսա ամուսինս մեքենայի անվադողերն է սարքում, հարցրի՝ ինչ է պատահել, թե բա՝ երկու ժամ են տվել, պիտի շուտ դուրս գանք։ Մեր տնից գյուղի բոլոր մասերը երևում են, նայեցի, տեսա՝ մեքենաները իրար հետևից դուրս են գալիս»,— հիշում է տիկին Սիլվան։

Մի քանի ծածկոց են միայն վերցրել, վառելիք չեն ունեցել։ Բեռնատարը կապել են մարդատարից ու հասել Գորիս։ Այդ գիշեր մնացել են Գորիսի թատրոնի շենքում, նստած են քնել ու առավոտ շուտ ճանապարհ ընկել՝ անորոշ ուղղությամբ․ դեռ տուն չէին գտել։ Հետո ասել են՝ Արագած եք գնալու։ Տիկին Սիլվան ասում է՝ տեղն էլ չեն իմացել։ Հիմա իրենց ընտանիքը Արագածում 5-սենյականոց մի տանն է ապրում․ գյուղապետն է հարևանի տանը տեղավորել։

«Անկեղծ եմ ասում, շատ հիացած եմ էդ ժողովրդով, մեզ մենակ չեն թողում։ Բայց մեկ ա, մեր հողը… Մեր հողն եմ ուզում, մեր Արցախն եմ ուզում․․․ Ճիշտ ա, լավ են նայում, բայց, մեկ ա, հողը կանչում ա մեզ, մենք պիտի վերադառնանք, ինչ գնով էլ լինի․ մեր երեխայի արյունը էնտեղ ա, մենք պիտի հետ գնանք»,— արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է արցախցի բուժքույրը։

Նոր միջավայրին Սիլվայի դուստրը՝ Անահիտն էլ չի հարմավում։ Ասում է՝ եթե ասեն, որ Ղարաբաղ պիտի գնան, ոտաբոբիկ էլ կգնա։

«Երեխաները շատ էին վախեցել։ Հիմնականում մեծ աղջիկս (Միրան) ա վախեցել, դողում էր, լացում էր՝ «մամա էս ինչ ա, պատերա՞զմ ա սկսել», փոքրս չէր հասկանում։ 44-օրյա պատերազմում այդքան չէինք վախեցել, ինչքան էս մեկօրյա պատերազմի ժամանակ»,— ասում է Անահիտը։

Միրան դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ կրակոցները սկսվել են։ Թաքնվել է նկուղում։ Նույն խոնավ նկուղում էլ գիշերել են։ Երբ արդեն ճանապարհ պիտի ընկնեին, գյուղից մի մարդ ասել է, որ կանանց ու երեխաներին են տանում, տղամարդկանց չեն թողնում։ Միրան ասում է՝ առանց հայրիկի Հայաստան գալ չէր ուզում։

10 տարեկանում արցախցի փոքրիկը 3 պատերազմ է հասցրել տեսնել։ Ասում է` Արցախում խաղաղ ժամանակներ այդպես էլ չեղան։

«Որ ուզում էինք Հակարին անցնեինք, ադրբեջանցիները մեզ ջուր, հյութ ու պեչենի բաժանեցին։ Մենք չէինք ուզում, բայց պնդեցին, որ վերցնենք։ Ճանապարհին գցեցինք, որովհետև կարող ա թունավորված լիներ»,— պատմում է Միրան։

Արագածում Միրան արդեն դպրոց է գնում։ Պատմում է, որ դասընկերները շատ ջերմ են ընդունել։ Արցախի իր ընկերներին է հիշում, ընկերուհուն, որի հետ դասերն էր անում, պահմտոցի խաղում։ Միրայի հայացքը հանկարծ սառում է մի կետում. մտերիմ ընկերուհուն անգամ հաջողություն չի հասցրել մաղթել։

«Լաց մի՛ լինի, լոխ լյավ կլինի։ Հեսա քինան եք ձեր տուն, բալաս, քինան ա Ղարաբաղ,— թոռնուհուն մխիթարում է տիկին Սիլվան,— էնտեղ էլի լավ կսվերիս, գովասանագիր ստանաս»։

Առուստամյանները Արագածում դեռ գործ չեն գտել։ Մտքով իրենց տանն են՝ Քերթում, ապագայի մասին էլ անորոշությամբ են խոսում։ Թե ճար ունենան, ասում են, Արցախ կվերադառնան, անկախ Արցախ, ուր հայն է միշտ ապրել։ Բայց մինչ այդ, նոր գյուղում մի աշխատանք կանեն, տիկին Սիլվան ասում է՝ ամուսնու «ձեռովը ամեն ինչ գալիս ա», ինքն էլ հարևաններին կօգնի, սրսկումներ կանի, երեխաները դպրոց կգնան, Միրան Արագածում էլ լավ կսովորի ու նոր գովասանագրերը Արցախ կտանի։

Գլխավոր լուսանկարում՝ Սիլվա Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter