HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաքերները կարող են կոտրել 235 միլիոն դոլարի բիթքոյն պարունակող IronKey կրիչը, եթե Սթեֆանը տա իր համաձայնությունը

Շվեյցարական բանկերից մեկի պահատուփում Սթեֆան Թոմասը պահում է իր գաղտնագրված «IronKey» USB կրիչը, որի մեջ 7002 բիթքոյն պարունակող դրամապանակի գաղտնաբառն է։ Այժմյան բիթքոյն-դոլար փոխարժեքով 7002 բիթքոյնը համարժեք է $235 միլիոն դոլարի։ Սթեֆանը միլիոնատեր է, բայց կա մի խնդիր։

Տարիներ առաջ Սթեֆանը կորցրել է «IronKey»-ի գաղտնաբառը։ Սակայն  «սպիտակ գլխարկով» հաքերների կողմից հիմնադրված ամերիկյան «Unciphered» ընկերությունը պնդում է, որ կարող է կոտրել Սթեֆանի կրիչի գաղտնաբառը, եթե նա տա իր համաձայնությունը։ 

Ընդամենը 2 հնարավորություն

12 տարի առաջ՝ 2011-ին, գերմանացի Սթեֆան Թոմասը բնակվում էր Շվեյցարիայում և աշխատում էր որպես ծրագրավորող։ Մի ընկերության համար Սթեֆանը տեսանյութ էր պատրաստել, որը պատմում էր բիթքոյնի մասին։ 2011-ին բիթքոյնը այնքան էլ հայտնի չէր․ 1 բիթքոյնը արժեր մոտավոր 1 դոլար: Տեսանյութի համար ընկերությունը Սթեֆանին վճարել էր կրիպտոարժույթով՝ 7002 բիթքոյն, որն այդ ժամանակ կազմում էր մոտ 6000 դոլար։

Սթեֆանը որոշել էր բիթքոյնի դրամապանակի գաղտնաբառը պահել «IronKey» USB կրիչում, քանի որ այն անվտանգ էր համարվում։ Բայց գաղտնագրման և անվտանգության բարձր մակարդակը Սթեֆանի դեմ աշխատեց։

2011-ին բիթքոյնը շարունակում էր մնալ ոչ պոպուլյար։ Գաղափար չունենալով, թե ինչ ապագա է ունենալու բիթքոյնը՝ Սթեֆանը մոռացել և պատահաբար ջնջել էր կրիչի երկու գաղտնաբառերը և նույնիսկ կորցրել էր այն թուղթը, որի վրա գրել էր վերջին՝ backup (պահեստային) գաղտնաբառը։ 

«IronKey»-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ ճիշտ գաղտնաբառը մուտքագրելու ընդամենը 10 հնարավորություն կա։ Գաղտնաբառը 10 անգամ սխալ մուտքագրելու դեպքում «IronKey»-ն ավտոմատ կերպով անդառնալիորեն ջնջում է կրիչի պարունակությունը։ 

Այժմ $235 միլիոն դոլարին «հասնելու» համար Սթեֆանն ունի գաղտնաբառը մուտքագրելու ընդամենը 2 հնարավորություն։ 2021-ին տված հարցազրույցներից մեկում Սթեֆանը պատմել է, որ օրերով փորձել է վերհիշել գաղտնաբառը, սակայն ապարդյուն։

Ի դեպ, Սթեֆանը միակ մարդը չէ, որը գաղտնաբառը կորցնելու պատճառով չունի հասանելիություն իր բիթքոյն դրամապանակին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ընդհանուր բիթքոյնների 10-20%-ն անհասանելի է հենց այս պատճառով։ Հաշվի առնելով, որ այժմ աշխարհում կա 19 միլիոն բիթքոյն՝ 10-20%-ը ահռելի մեծ գումար է կազմում։

Սթեֆանը, կարծես, հաշտվել էր այն մտքի հետ, որ էլ երբեք չի կարողանա բացել իր «IronKey»-ն, բայց շարունակել է աշխատել կրիպտոյի ոլորտում և հաջողության է հասել․ 2012-ից բլոքչեյնով զբաղվող «Ripple» ընկերության տեխնոլոգիայի գլխավոր պատասխանատուն (CTO) է եղել և հիմնադրել է մի քանի ընկերություն։

Մենք կկոտրենք քո «IronKey»-ն

2021-ին կրիպտոգրաֆիստների և «սպիտակ գլխարկով» հաքերների մի խումբ  հիմնադրում  է «Unciphered» ընկերությունը։ Նրանք իրենց առջև դնում են մեկ նպատակ՝ օրինական կերպով գաղտնազերծել կամ կոտրել  այն կրիպտո դրամապանակների գաղտնաբառերը, որոնց չկա հասանելիություն գաղտնաբառը մոռանալու կամ կորցնելու պատճառով։

Ընկերությունը պնդում է, որ հիմնադրումից ի վեր հաջողությամբ օգնել է հարյուրավոր հաճախորդների բացել կողպված կրիպտո դրամապանակներ, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ։ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում գործող «Unciphered»-ի մասնագիտացած թիմը հայտնաբերում է կրիպտոարժույթների դրամապանակներում գաղտնագրային նոր խոցելիություններ կամ ծրագրային թերություններ, սակայն իրենց պնդմամբ, Սթեֆանի «IronKey»-ն կոտրելու ձևը գտել են միայն վերջերս:

«Unciphered»-ը սկսել է դիտարկել Սթեֆանի «IronKey»-ն կոտրելու հնարավորությունը այս տարվա սկզբին։ Ընկերության պնդմամբ՝ դանդաղ, քայլ առ քայլ մանրակրկիտ աշխատանք են կատարել և կամաց-կամաց գտել են մի խոցելիություն, որը օգտագործելով այժմ կարող են կոտրել «IronKey» կրիչներ։

Պետք է նշել, որ «IronKey»-ն ստեղծվել է ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի տված  $1,4 միլիոն դրամաշնորհով։ Տարիներ շարունակ «IronKey» կրիչներն օգտագործվել են պետական ​​և ռազմական պաշտոնյաների, հետախուզական գործակալությունների, մասնավոր ձեռնարկությունների և արժեքավոր գաղտնիքներ ունեցող մարդկանց կողմից, ում համար տվյալների անվտանգությունը գերակա առաջնահերթություն է:

Հաշվի առնելով այս կրիչի գաղտնագրման բարձր համբավը՝ այն նաև հայտնի է դարձել Սթեֆանի նման կրիպտոարժույթով զբաղվողների շրջանում, և նրանք նույնպես սկսել են օգտագործել «IronKey»-ն՝ պաշտպանելու իրենց կրիպտո դրամապանակների բանալիները:

Կրեատիվ և նորարար լուծումներ պահանջող գրեթե 10 ամսվա աշխատանքի արդյունքը «Unciphered»-ը ցույց է տվել «WIRED» թերթի լրագրող Էնդի Գրինբերգին։ Գաղտնաբառով պաշտպանված իր «IronKey» կրիչը Էնդին ուղարկել է ընկերությանը, և ընդամենը մեկ օրից նրան հայտնել են գաղտնաբառը։ «Unciphered»-ի հաքերներից մեկն ասել է, որ գաղտնաբառը կոտրելու համար իրենց ստեղծած ծրագրիրը  ընդամենը մոտ 200 տրիլիոն փորձ է արել։

«Մենք բարձրացել ենք Էվերեստը»,-ասել է «Unciphered»-ի հիմնադիր Էրիկ Միշոն։ Համոզված լինելով, որ կարող են կոտրել «IronKey»-ներ՝ ընկերությունը բաց նամակով դիմել է Սթեֆանին և ասել, որ կարող է կոտրել նրա կրիչը։

«Սա տեսական չէ: Մենք կարող ենք դա անել, մենք նախկինում դա բազմիցս արել ենք՝ WIRED-ի, մեր գործընկերների և այլոց համար: Եվ մենք կարող ենք դա նորից անել: Դու չպետք է պարզապես ընդունես մեր խոսքը: Կարող ես հարցնել WIRED-ին: Եվ եթե դա բավարար չէ, մենք ուրախ կլինենք ցուցադրել այնքան նմուշների վրա, որքան անհրաժեշտ է քեզ (և բոլորին) համոզվելու և գործընթացը սկսելու համար:

Դու ավելի քան մեկ տասնամյակ սպասել ես այս պահին, և մենք այստեղ ենք, որ դա իրականացնենք միասին»,-ասված է բաց նամակում։

Սթեֆանի պատասխանը

«Unciphered»-ի բաց նամակից հետո ընկերությունը հեռավար զրուցել է Սթեֆանի հետ։ Ընկերության աշխատակցի խոսքով, Սթեֆանը քաղաքավարի կերպով մերժել է «Unciphered»-ին նույնիսկ առանց քննարկելու և իմանալու ընկերության ծառայության միջնորդավճարը։

Պարզվում է, որ Սթեֆանը մեկ տարի առաջ արդեն պայմանավորվել էր երկու այլ կրիպտոգրաֆիստների թիմերի հետ: Որպեսզի կանխեր երկու թիմերի մրցակցությունը, Սթեֆանը յուրաքանչյուրին առաջարկել էր հասույթի մի մասը, եթե թիմերից որևէ մեկը կարողանար կոտրել կրիչի գաղտնաբառը:

«Ես արդեն աշխատում եմ տարբեր փորձագետների հետ գաղտնաբառի վերականգնման ուղղությամբ, ուստի այլևս ազատ չեմ բանակցել նորերի հետ», - ասել է Սթեֆանը: «Հնարավոր է, որ ներկայիս թիմը որոշի ենթապայմանագիր կնքել «Unciphered»-ի հետ, եթե նրանք գտնեն, որ դա լավագույն տարբերակն է: Պետք է սպասել և տեսնել»:

Սթեֆանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը, թեև նույնիսկ մեկ տարի անց այս թիմերից և ոչ մեկը ցույց չի տվել խնդիրը լուծելու որևէ ճանապարհ:

Անսպասելի պատասխանը «Unciphered»-ի համար տարօրինակ իրավիճակ է ստեղծել։ Ընկերությունը ունի կրիպտոարժույթների աշխարհում ամենաթանկ կողպեքը կոտրելու հնարավորությունը, բայց չունի հենց կողպեքը:

«Մենք կոտրեցինք IronKey»-ն,- ասում է «Unciphered»-ի գործառնությունների տնօրեն Նիք Ֆեդորոֆը:-Հիմա մենք պետք է կոտրենք Թոմասին: Ստացվում է, որ սա ամենադժվար բանն է»։

Գլխավոր նկարը և պատկերազարդումը ստեղծվել է DALL-E-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter