HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շարքային Թռչնակ. «Մարդիկ չեն թռչում, որովհետև չեն հավատում, որ կարող են դա անել»

«Կգա օրը, երբ գիտությունը ծնունդ կտա մեքենայի կամ այնքան ահավոր, անսահմանորեն սարսափեցնող ուժի, որ նույնիսկ մարդը՝ ուրիշների վրա տառապանքներ ու մահ տեղացող և տառապանքներն ու մահն ընդունելու համարձակությամբ ռազմատենչ արարածը, կսարսռա սարսափից և ընդմիշտ կհրաժարվի պատերազմից»։ (Թոմաս Ալվա Էդիսոն)

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանը բացվեց ամերիկացի գրող Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակը» բեսթսելերի հիման վրա ստեղծված «Շարքային Թռչնակը» ներկայացմամբ: 

- Թեման հատու՞կ էր ընտրված...

- Չէի ասի,- ներկայացման ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը ուսերն է թոթվում,- երբ որոշեցի, որ այս գործն եմ բեմադրելու, գարուն էր, ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե աշնանը պատերազմ է լինելու: Սակայն ենթագիտակցական մակարդակում հավանաբար կար մի բան, որ դրդեց ինձ փոփոխություն կատարել նախնական որոշմանս մեջ: Երբ առաջարկ ստացա Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրություն անելու, սկզբում մտածում էի կամերային գործ ներկայացնել՝ Ֆլորիան Զելլերի «Ուրիշը»: Հետո կտրուկ մտքափոխվեցի, ինքս էլ չգիտեմ՝ ինչու: Վերջին տարիներին մենք անընդհատ հոգեմաշ մի շրջապտույտի մեջ ենք՝ պատերազմ, զոհեր, հետպատերազմական վիճակ… մենք խոսում ենք պատերազմ երևույթի մասին, բայց միշտ չէ, որ խորանում ենք այն մարդկանց պրոբլեմների մեջ, որ անցել են այդ դժոխքով: Ես ուզեցի դա ներկայացնել բեմից: Պատերազմներն ավարտվում են, բայց ոչ՝ ողջերի համար:

Ամերիկացի գրող Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակը» դրաման պատմություն է երկու ընկերների՝ Էլ Կոլումբատոյի և Թռչնակի մասին, որոնք պատերազմից վերադառնում են հոգեպես ու ֆիզիկապես հաշմված: Կենսուրախ Էլը, որի սիրելի զբաղմունքը մինչև պատերազմը սիրունիկ աղջիկների հետևից վազելն էր, կոտրում է ծնոտը, ինչի վերականգնումից հետո դեմքին մնում է այլանդակող սպի: Իսկ քաղաքացիական կյանքում առանց այդ էլ երազանքներով ապրող համեստ Թռչնակը հայտնվում է հոգեբուժարանում: 

Արդյո՞ք ցավի մասին խոսելը բուժում է ցավը, իսկ լռե՞լը… Լռելը կործանարար է: Եվ Թռչնակի բուժմամբ զբաղվողները որոշում են գտնել մեկին, ով տղային մտածածին աշխարհից կվերադարձնի իրական կյանք: Էլը համաձայնվում է հանդիպել ընկերոջը, ով հիվանդանոցում հայտնվելուց ի վեր ոչ մի բառ չի արտասանել: 

Այս պատմությունն ինչ-որ տեղ կարելի է համարել ինքնակենսագրական, պատերազմի սարսափներով անցած մեկ անձի երկատված ողբերգություն:  Ուիլյամ Ուորթոնը չէր պլանավորել մասնակցել համաշխարհային երկրորդ պատերազմին, առավել ևս մեկնել առաջնագիծ: Սակայն ղեկավարությունը որոշում է, որ ինժեներական կորպուսը նորակոչիկի տեղը չէ և նրան տեղափոխում են հետևակ: Պատերազմական դաժան գործողություններին կարճատև մասնակցությունն ավարտվում է ֆիզիկական և հոգեկան տրավմայով: Ուորթոնն այդ ամենը նկարագրում է շատ վառ, սակայն առանց ավելորդ գույների: «Թեպետ ինձ համար պատերազմը շատ կարճ տևեց, սակայն այն ինձ ծանր հոգեկան վիճակի հասցրեց: Ես վախեցած էի և դժբախտ: Ես կորցրեցի մարդկության նկատմամբ հավատս»,-գրել է նա:

«Թռչնակը» Ուիլյամ Ուորթոնի առաջին ստեղծագործությունն է, որ լույս  է տեսել 1978թ-ին՝ իր անկեղծությամբ միանգամից գրավելով ընթերցողներին: «Թեպետ «Թռչնակ»-ում նկարագրված են երկրորդ համաշխարհայինի սարսափները, սակայն դա չի նշանակում, որ այն ծանր հոգեկան դրաման, որի միջով անցնում են հերոսները, չի կարող տեղի ունենալ երկրագունդը բզկտող մեկ այլ պատերազմական գործողության հետևանքով»: Գրողի արած այս հայտարարությունից ժամանակին օգտվել է ծագումով բրիտանացի աշխարհահռչակ ռեժիսոր Ալան Փարքերը՝ իր համանուն «Թռչնակը» ֆիլմում հերոսներին Վիետնամի պատերազմի մասնակիցներ ներկայացնելով:

«Թռչնակը նուրբ, զգայուն, խոցելի ներաշխարհ ունեցող երիտասարդ է, որ քաղաքացիական կյանքում գերադասում էր թռչուններով շրջապատված լինել, քան մարդկանցով: Պատերազմը կոտրում է նրան: Նա պարփակվում է ինքն իր մեջ՝ վերածվելով «թռչնի»: Տղան այդ վիճակում է հայտնվել ուժեղ ցնցման հետևանքով և համարժեք հակազդող մի երևույթ էլ պիտի նրան հանի այդ վիճակից,- ասում է Տաթևիկ Մելքոնյանը,- մենք տեսնում ենք, թե ինչ ջանքեր է գործադրումը Էլը ընկերոջը իրական աշխարհ վերադարձնելու համար: Եվ երբ Թռչնակը վերջապես խոսում է, Էլը զարմացած հարց է տալիս, թե ինչու էր հրաժարվում շփվել բուժող անձնակազմի հետ։ «Նրանք ինձ չէին հասկանում»,- բացատրում  է Թռչնակը: Վստահ եմ, որ մեր իրականությունում էլ լիքն են չհասկացվածության դեպքերը, պատերազմի չբուժած ցավերը հոգու խորքում թաքցնողները: Մենք պետք է հոգատար և ուշադիր լինենք այդ մարդկանց նկատմամբ»:

Եթե հեղինակի մոտ Թռչնակը բուժվում է և նրանք Էլի հետ հեռանում են հիվանդանոցից, Տաթևիկ Մելքոնյանի ներկայացման ավարտի ասելիքը մի փոքր այլ է: Այո՛, անհնարին ոչինչ չկա, այո՛, կարելի է և բուժվել, սակայն չպետք է մոռանալ, որ պատերազմները շարունակվում են: Հենց այս մեծագույն խնդիրը պետք է լուծի մարդկությունը, որ կարողանա ապրել խաղաղ ու ապահով կյանքով: 

Դժվար է կտրել մեկի թևերը, եթե նա համոզված է, որ ունակ է թռչելու: 

«Մարդիկ չեն թռչում, որովհետև չեն հավատում, որ կարող են դա
անել,- նկատում է Թռչնակը,- եթե որևէ մեկը չհուշեր, որ նրանք կարող են լողալ, ջրի մեջ հայտնվելով՝ բոլորը կսուզվեին:

- Իսկ ի՞նչ կլինի հետո,- հարցնում է Էլը։

- Հատուկ ոչ մի բան, Էլ, պարզապես ապրելու ենք,- պատասխանում է Թռչնակը։

- Եվ վե՞րջ...

- Մի՞թե դա քիչ է... »:

 «Եթե դուք չեք ճանաչում մարդուն աշխարհի մյուս ծայրում, ամեն դեպքում սիրեք նրան, քանի որ նա նույնն է, ինչ դուք։ Նա ունի նույն երազանքները, նույն հույսերն ու վախերը։ Սա մեկ աշխարհ է, ընկերս: Մենք բոլորս հարևաններ ենք»։ 

Ֆրենկ Սինատրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter