
«Կարևորելով կնոջ ստեղծարար պոտենցիալը». Դեբեդ գյուղում կայացավ Perle ռեստորանի բացումը
Տաթև Աղաբաբյանը, երկար տարիներ Գերմանիայում բնակվելուց հետո, արդեն 6 տարի ապրում և աշխատում է Դեբեդ գյուղում՝ աշխատատեղ ստեղծելով նաև գյուղի կանանց համար։
2020 թվականին Տաթևի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում բացվեց Debed co-living and working house-ը, այսօր արդեն տանը զուգահեռ գործում է Perle ռեստորանը, որի բացումը եղավ հոկտեմբերի 28-ին։
Տաթևը 12 աշխատատեղ է ստեղծել գյուղի կանանց համար՝ անձամբ սովորեցնելով նրանց խոհարարություն, հացագործություն։
Ռեստորանի ճաշացանկն իր հիշողություններն են՝ տեղական մթերքներով ու աշխատուժով։
«Սա պատմություն չէ ծայրահեղ հայրենասիրության մասին, սա շատ ռացիոնալ դատողությունների շարան է, և ես կուզեի, որ բոլորը ոգեշնչվեն իմ օրինակով։ Հայաստանը ունի շատ թաքնված պոտենցիալ, և այստեղ դու կարող ես ավելի մեծ հաջողությունների հասնել, քան մի շարք զարգացած երկրներում»,- նշում է Տաթևը՝ ընդգծելով, որ այս աշխատանքում շատ է կարևորում կնոջ ստեղծարար պոտենցիալը։
Ռեստորանի բացումն ուղեկցվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին 5 երիտասարդ արվեստագետների աշխատանքներ։
«Պարտադիր չէ գնալ պատկերասրահներ՝ նկարները լուրջ հայացքով նայելու, դուք կարող եք ձեր ընկերների հետ ժամանակ անցկացնել ու ծանոթանալ արվեստի հետ»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Էմմա Հարությունյանը և հավելում, որ ցուցահանդեսի նպատակը ճանաչողությունն է, քանի որ մենք չգիտենք՝ ինչ տաղանդավոր մարդիկ են մեզ շրջապատում։
Մեկնաբանել