Քայլ առ քայլ, համարձակ, համախմբված, և քրեաօլիգարխիկ համակարգը հայոց պատմության գերեզմանոցում կմեխենք
Կարեկցանքը և գոտեկցությունը/սոլիդարությանը մարդկային վեհ հատկանիշներ են, նրանք հիմք են գիտակից և զարգացող մարդկային հավաքականությունների: Իսկ արդարությունը այն առանցքային օրինաչափն է, որ այդ առաքինությամբ տոգորված մարդ անհատները և հասարակությունները մշակում և կառուցում են իրենց հավաքական գոյակցության կազմակերպված կառավարելի կարգը, քանզի նրանք ԳԻՏԱԿՑՈՒՄ են, որ այն իրենց ստեղծագործ գոյության և ապահովության երաշխիքն է:
Այս առաքինություններից զուրկ են Ռուբեն Հայրապետյանների, Սամվել Ալեքսանյանների նմաններն ու նրանց ՕՋԱԽ քրեաօլիգարխիկ տեսակը, Հայաստանում տիրող համակարգը: Երկու ոտքով քայլող ու պպզողների «ճիշտը», «գեղեցիկը», «ազգայինը» զուտ երկու ոտանուն հատուկ անասնական բնազդներ և ցանկությունները բավարարելն է հիմա և միշտ, իշխել, թալանել բռնի ու բռի: Արդարությունը և օրինականությունը իրենց հոգեկերտվածքին անհարիր են և անհամատեղելի:
Արդարության, ազատության, կարեկցանքի ու գոտեկցության վրա հիմնված Իրավունքն է ՄԻԱՅՆ, որ ծնում է ՈՒԺԸ, Գոյության, ստեղծագործության և հոգևոր ուժն ու կարողությունը՝ սեփական, ուրիշի և հավաքականի կյանքը հարգելու, արժևորելու, իմաստավորելու:
Մեր ժողովուրդն ու հասարակությունը ինքնազտվում են և ինքնամաքրվելու են և իբր հավաքական հոգևոր անհատականություն՝ ԱԶԳ, վերականգնվելու են, երբ իրենց մեջ, իրենց վերնախավում և բովանադակ պետական կառավարման համակարգում կկացնահարեն և կկտրեն քրեաօլիգարխիկ տեսակի նմուշների պորտալարը, Սահմանադրության և օրենքի բովանադակ ուժով կպատժեն այդ համակարգի ներկայացուցիչներին:
Սահմանադրականության և քաղաքացիական իրավական պետությունը կերտվում է ԱՄԵՆ օր, երբ մեր առաքինի մարդկային և քաղաքացիական համախմբումները մի քայլ առաջ ենք դնում մեր սահմանադրական իրավունքների նվաճման պայքարում:
Քաղաքացիական համախմբվածությունը, անկախ համոզումներից, սեռից, ցեղից, քաղաքական հայացքներից, միակ երաշխիքն է մեր՝ հայ ժողովրդի սահմանադրականության պայքարի հաջողության և սահմանադրական կարգի վերջնական հաստատման: ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ, համարձակ, համախմբված, վճռական ու հետևողական, և քրեաօլիգարխիկ համակարգը հայոց պատմության գերեզմանոցում կմեխենք և քաղաքացիական սահմանադրական նոր պետականությունը կհիմնենք:
Արմինէ Առաքելեան
30.06.2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել