HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շուշիի հումանիտար քոլեջի դասախոսը կերպարվեստ է դասավանդում Սասունիկի դպրոցում

Մեկ ամիս է՝ Շուշիի հումանիտար քոլեջի դասախոս Վարդիթեր Մելքոնյանը կերպարվեստ և տեխնոլոգիա է դասավանդում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Ասում է՝ 90%-ով հարմարվել է, մնում է 10%-ը հաղթահարի:

Ծնունդով արցախցի Վարդիթեր Մելքոնյանը մեկն է այն 7 ուսուցիչներից, ովքեր աշխատանքի են տեղավորվել Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում: Մարզում հաշվառված է 28 արցախցի ուսուցիչ, որոնցից 7-ն արդեն դասավանդում են Գեղաձոր, Դավթաշեն, Սասունիկ, Օհանավան, Շամիրամ, Կանչ գյուղերի դպրոցներում:

Վարդիթեր Մելքոնյանը Հայաստան է եկել 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և այլևս չի վերադարձել Արցախ:

«Կարոտում եմ իմ առաջվա կյանքը: 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղ չվերադարձա, որովհետև արդեն այդ կյանքը չկար, իմ ընտանիքն առաջվա նման ամբողջական չէր: Ես Ստեփանակերտում եմ ծնվել, մեծացել: Ամուսնացել ու ապրել ենք Շուշիում»,- ասում է արցախցի ուսուցչուհին:

Վարդիթեր Մելքոնյանը դպրոցում աշխատելու փորձ երբևէ չի ունեցել: Իր համար անսովոր է այդ տարիքի երեխաների հետ աշխատելը, քանի որ միշտ ուսանողներին է դասավանդել, ովքեր ավելի հասուն են, իրենց հետ աշխատելը լրիվ այլ է: Բայց քիչ-քիչ սովորում է: 3 տարի արդեն Հայաստանում է, բայց այստեղ ապրելուն էլ նոր-նոր է հարմարվում: Ասում է՝ ամեն ինչ ուրիշ է, նույնիսկ քարերը, բնությունը:

Վ. Մելքոնյանը 2004թ․-ից մինչև 44-օրյա պատերազմն աշխատել է Շուշիի հումանիտար քոլեջում: Ընթացքում աշխատել է նաև Շուշիի քաղաքապետարանի մշակույթի բաժնում, որպես մասնագետ, այնուհետև բաժնի վարիչի տեղակալ ու բաժնի վարիչ:

«Միշտ իմ ուսանողներին ասում էի, որ Ղարաբաղի պատերազմի հաղթանակը վերջին ու միակ հաղթանակն է պատմության մեջ, որ պետք է շատ ամուր պահենք: Բայց հոգու խորքում զգում էի, որ սա մի օր լինելու է: Տեսնում էի, որ իշխանությունները ճիշտ չեն ղեկավարում, իսկ թշնամին առիթավորվելու էր: Աթոռակռիվ էր արդեն, խնամի-բարեկամ սկզբունքն էր իշխում: Դրա համար կորցրինք երկիրը: Մեկ էլ զգում էի տղայիս կորուստը: Ամեն անգամ, որ ասում էր՝ ժամանակ չունեմ, բարկանում էի, թե երիտասարդ ես, ինչ է եղել քո ժամանակին, կհասցնես: Մտածում էի, որ Շուշի գալու ճանապարհին ավտովթար է լինելու, դրանից է մահանալու»,- ասում է կերպարվեստի ու տեխնոլոգիայի ուսուցչուհին:

Նրա հետ զրույցը պարբերաբար ընդհատվում էր: Հուզմունքը խեղդում էր կոկորդը: Տիկին Վարդիթերն արագ-արագ սրբում էր արցունքները՝ հավանաբար, որպեսզի աշակերտները նրան այդ վիճակում չտեսնեն ու նորից պատմում որդուց, եղբորից, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Հիշում է իրենց տունը, որը գտնվում էր Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ:

Դպրոցը, որտեղ դասավանդում է Վ. Մելքոնյանը, սովորում են նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ: Ասում է՝ սկզբում շուշեցիներն էին իր համար մեկ ընտանիք, հիմա ամբողջ Արցախն է այդպիսին դարձել. գրեթե բոլորին ճանաչում են:

Վարդիթեր Մելքոնյանի որդին՝ մայոր Սերոբ Մելքոնյանը, ընտանիքի՝ կնոջ ու երկու երեխաների հետ վարձով է ապրել Արցախի Մարտունի քաղաքում: 2020թ. պատերազմի ժամանակ Սերոբի հայրը թոռներին ու հարսին բերել է Շուշի՝ վստահ լինելով, որ Շուշին ավելի ապահով է, թշնամին չի հասնի այնտեղ: Սակայն, երբ կռիվը սաստկացել է, Սերոբը պարտադրել է մորը ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան:

«Հետո իմացա, որ տղաս տեսել է, թե ինչպես է թշնամին շարժվում Շուշիի ուղղությամբ: Իմացել էր նաև, որ եղբայրս արդեն զոհվել է, դրա համար էր ինձ ասում՝ շտապ գնացեք Հայաստան, որ ես հանգիստ լինեմ»,- ասում է Վ. Մելքոնյանը:

Հայաստանում տեղավորվել են Պռոշյան գյուղի մանկապարտեզի չշահագործվող շենքում: Տիկին Վարդիթերը պատմում է, որ տղայի զինվորական ընկերները շատ արագ տեխնիկա են բերել իրենց համար, տարածքը կահավորել են: Իրենք էլ վարագույրներ են գնել, որ Սերոբը գա, տարածքը տան նման տեսնի:

Հոկտեմբերի 16-ին Վարդիթեր Մելքոնյանի եղբայրը կամավոր մեկնել է Հադրութ: Քույրը նրա հետ կարողացել է խոսել միայն տեղ հասնելու ժամանակ ու այլևս եղբոր ձայնը չի լսել:

«Ուզում էի ասել՝ մի գնա, բայց ինքն այնպիսի նվիրվածությամբ էր գնում, որ հնարավոր չէր ասել՝ մի գնա: Հետո մտածում էի, հնարավոր է իր մասնակցությունն իրավիճակ փոխի: Գնաց, բայց անկեղծ ասեմ՝ փոշմանել եմ, որ չեմ ասել՝ մի գնա: Նույն օրը գլխից վիրավորվել է: Տղայիս հետ խոսել է, դրանից հետո է Սերոբս մեզ ասել, որ դուրս գանք, բայց ինձ չէին ասել, որ եղբայրս արդեն զոհվել է: Չէի կարողանում հետը կապ հաստատել: Մի օր էլ զանգեցինք՝ արդեն թուրքը պատասխանեց»,- պատմում է Վարդիթեր Մելքոնյանը և հավելում, որ եղբոր մարմինը գտել են հոկտեմբերի 23-ին:

Իսկ տղայի՝ Սերոբի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 26-ին: Որդուն հորորել է զգույշ լինել, հատկապես՝ օդից: Տիկին Վարդիթերն ասում է, որ 44-օրյա պատերազմը օդի պատերազմ էր: Սերոբը հետաքրքրվել է մոր վատ տրամադրության պատճառի մասին, հույս տվել, բայց նաև ասել է, որ որ «ծախված պատերազմ է», հրադադարի հույս չունենան: Մոր հետ խոսելուց մոտ մեկ ժամ անց 27-ամյա Սերոբն անօդաչուի հարվածից վիրավորվել է, մինչև կարողացել են բուժօգնություն ցույց տալ՝ արյունաքամ է եղել ու մահացել: 

Կինն ու հայրը Սերոբի մարմինը տարել են Շուշիի իրենց տուն, այնտեղ վերջին հրաժեշտը տվել ու տեղափոխել Հայաստան և հուղարկավորել Եռաբլուրում:

Այդ ժամանակ նրա երեխաներից մեկը՝ 3, մյուսը 5 տարեկան է եղել: Տիկին Վարդիթերն ասում է, որ ամենադժվարը երեխաներին ասելն էր, որ իրենց հայրն այլևս տուն չի գալու, չսպասեն: Նրանք կարոտում էին ամեն ինչ՝ սկսած նրանից, որ հայրն էր ավտոմեքենայով մանկապարտեզ տանում: Իսկ Պռոշյանում նրանց ավտոմեքենայով չէին ուղեկցում:

Վարդիթեր Մելքոնյանը Երևանում ավտոդպրոց է հաճախել, վարորդական իրավունք է ստացել, որ Սերոբի ավտոմեքենայով երեխաներին ուղեկցի:

Ընտանիքը 2 տարի Պռոշյանում ապրելուց հետո դուրս է եկել մանկապարտեզի տարածքից, քանի որ համայնքային իշխանություններն այն վերանորոգելու ցանկություն են ունեցել:

Այդ ընթացքում տիկին Վարդիթերին առաջարկել են Աշտարակում՝ եկեղեցուն կից գործող խմբակում շաբաթը մեկ ժամ ձեռքի աշխատանքներ սովորեցնել երեխաներին: Համաձայնել է և, Աշտարակ գնալ-գալով, հավանել է քաղաքը: 2022թ. նոյեմբերին տեղափոխվել են վարձով ապրելու: Հետո այդ տունը վաճառվել է, սակայն  Վարդիթեր Մելքոնյանի ընտանիքն այնտեղ շարունակում է ապրել՝ առանց վարձ վճարելու։

Թոռներն ու հարսն այժմ Երևանում են ապրում, բայց ամեն ուրբաթ տիկին Վարդիթերը Սերոբի ավտոմեքենայով գնում, նրանց բերում է Աշտարակ: Ընտանիքի միակ ուրախությունը ոչ աշխատանքային օրերն են, երբ բոլորով միասին են լինում: Ուսուցչուհու հետ են ապրում նաև նրա ծնողները:

«Դպրոցը հիմա ինձ ուժ է տալիս: Չգիտեմ, բոլորի մեջ իմ թոռնիկներին եմ տեսնում: Երևի դրա համար է հեշտ այստեղ աշխատելը»,- ասում է Վարդիթեր Մելքոնյանը:

Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները երկրորդ հերթով դասերն անցկացնում են Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցում: Գյուղում նոր դպրոց են կառուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter