HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի կյանքի համար էս ամենը չափից շատ էր» 

Վահան Վանյանի Վերին Հոռաթաղի տունը միշտ լի էր հարազատներով, օր չկար, որ գոնե մեկը հյուր չգար, անգամ  բլոկադայի օրերին։ Հիմա տունն էլ, Արցախն էլ դատարկ են մնացել։

Շրջում է Արուճի անծանոթ փողոցներում, հոգոց հանելով՝ վերցնում դույլերը, անցնում գործի․ օգնում է որդուն ու հարսին տան գործերում՝ այգին է ջրում, կենդանիներին ջուր ու կեր տալիս։ Ասում է՝ մտքովս էլ չի անցնում, որ կհարմարվեմ, կկարողանամ հանգիստ ապրել, բայց դժգոհելն ու պարապ նստելն էլ օգուտ չեն տա։

Վահանը Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում է ծնվել ու ապրել ողջ կյանքը, Արցախի 9-ամսյա շրջափակումից ու սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ստիպված եղավ ընտանիքի հետ տեղափոխվել Արագածոտնի մարզի Արուճ գյուղ՝ 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառից այստեղ տեղափոխված որդու տուն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, նա գյուղում էր. «Ամեն վայրկյան սպասում էի, որ շանս լիներ բարձրանայի տղերքի մոտ՝ դիրքեր, բայց թշնամին ընդամենը 5 կիլոմետր էր հեռու գյուղից ու միակ բանը, որ կարող էի անել, դուրս գալու ճար գտնելն էր։ 44-օրյան պատերազմ էր, մենք կռվելու ձև ունեինք ու չէինք մտածում թեկուզ ժամանակավոր մեր տնից դուրս գալու մասին»,- պատմում է Վահանը։

Նինան՝ Վահանի թոռնուհին, Մարտակերտից տեղափոխվել էր Հոռաթաղ, դպրոցում անգլերենի ուսուցչուհի էր աշխատում։ Կրակոցների ձայներն այնքան մոտ ու հանկարծակի էին սկսվել, որ ոչնչի մասին մտածելու ժամանակ չկար, ոչ էլ կապ կար, որ խոսեր Մարտակերտում գտնվող մոր, քրոջ, կրտսեր եղբոր և զինծառայող եղբոր հետ։ Միայն խնդրում էր պապիկին՝ մի բան անի՝ դուրս գան այդտեղից։

«Հիմա, երբ պատմում եմ այս ամենը, ասես երազ լինի, ինքս էլ չեմ հավատում։ Հարևանի տված մի քանի լիտր բենզինը ձեռքներիս, առանց ուրիշ բան հետներս վերցնելու, ոտքով դուրս էինք եկել գյուղից։ Նշանածս՝ Տիգրանը,  պիտի մեզ ընդառաջ գար, տաներ Մարտակերտ՝ ընտանիքիս մոտ, բայց կապն ընդհատվեց, ինքն էլ ուշանում էր։ Մենք հեռվից տեսնում էինք մեզ մոտեցող թշնամուն։ Բախտներս բերեց՝ մի մեքենա կանգնեց, այլ ճանապարհով մեզ հասցրեց մոտակա գյուղ` Ճանկաթաղ։ Մինչև կկարողանայի կապվել Տիգրանի հետ, նա գնացել էր, ճանապարհին տեսել թշնամուն ու մտածել, թե մնացել ենք գյուղում, ես էլ վախենում էի, որ ճանապահին ինքն է գերի ընկել։ Այդ օրերի ապրումները մոռանալ հնարավոր չէ։ Հետո մի կերպ գնացինք Մարտակերտ, այնտեղից՝ Ստեփանակերտ»,-հիշում է Նինան։

Երբ ընտանիքի բոլոր անդամները՝ Վահանն ու կինը՝ Լյուբան, իրենց դուստրը՝ Մանյան ու իր 3 երեխաները՝ Նինան, Համեստն ու Էդուարդը միասին էին, Մանյայի ամուսնուց՝ Գուրգենից ու որդուց՝ Մարատից ոչ մի  լուր չէին կարողանում իմանալ․ չէին զանգում։

«Ձորով (Չարեքտար գյուղի մոտ-հեղ.) իջնելուց մեկ էլ տեսնեմ՝ Մարատս զինընկերների հետ մեզ ընդառաջ է գալիս, էդ պահին էլ բան աչքիս չէր գալիս, կարևորը տեսա՝ ողջ է»,- պատմում է Վահանը։

Մարատը ժպիտով ցույց է տալիս Արցախում արված վերջին լուսանկարները, որ պահել է հեռախոսում. «Ես առանց աղի ոչինչ ուտել չեմ կարողանում, մի քանի օր աղ չունեինք, սոված էի մնացել: Մինչև բերեցին, էլ ժամանակ չունեինք հաց ուտելու»։ 

Այդ օրերին իրեն չի կորցրել, հասցրել է նկարվել կյանքը փրկած զենքով, որ մի քանի տեղից ծակվել էր թշնամու գնդակներից։ «Վերջին անգամ ես եմ եղել հարազատ Մարտակերտի մեր տանը, թեյ խմել ընկերներիս հետ ու ոտքով լքել քաղաքը»,- ասում է Մարատը։

Մարտակերտում իրեն շատ լավ էր զգում, ընտանիքի հետ ողջ կյանքը ուզում էր Արցախում ապրել․ պատերազմը խլեց հարազատներից շատերի կյանքը ու նրանց բոլոր նպատակները։

«Վաղվանից ճանապարհաշինական աշխատանքի եմ գնալու, մերոնց իմ օգնությունն է պետք։  Տանը նստելու ժամանակ չկա»-, ասում է նա։

Ընտանիքում ոչ ոք բլոկադայի ու դրա դժվարությունների մասին չի խոսում, ասում են՝ հեշտ չէր, բայց հիմա սոված մնալը կամ օրերով լույս չունենալը չնչին բան են թվում։ Միայն յոթամյա Էդուարդը՝ Էդին, արդեն սովորել է ամեն ինչ քիչ ուտել, քաղցրավենիքը մինչև վերջ չի ուտում ու միշտ դժկամությամբ է նստում սեղանի մոտ ճաշելու։

Արուճում, իրենց մեծ ընտանիքից բացի, բռնի տեղահանված  երկու ընտանիք էլ է ապրում։ Ամեն օր հավաքվում են, հիշում անցած դեպքերը, հետաքրքրվում՝ ով որտեղ է տեղավորվել, ում է կորցրել սեպտեմբերյան այդ օրերին։

Վահանի ընտանիքը ևս կորուստ ունեցավ։ Նրա փեսան՝ Գուրգենն ընկավ սեպտեմբերի 19-ի մարտում, Եղնիկներում։ «Հիմա ես եմ Գոգին,- ասում է փոքրիկ Էդին,- մինչև ինքը հետ կգա» ու վազում, գրկում է մայրիկին։

Միայն Արցախի բարբառով է խոսում, ամաչում էր դպրոց գնալ, բայց քեռու տղայի հետ մի քանի օր գնալուց հետո սիրեց ու հարմարվեց նոր դասարանին։ Ֆուտբոլ է սիրում․ հերթով ցույց է տալիս ֆուտբոլիստների նկարներն ու ասում անունները, հետո սկսում նկարներից առանձնացնել Հայաստանի դրոշով ֆուտբոլիստներին, ասում է՝ անունները չեմ հիշում, բայց հայ են հաստատ։ Արցախից իր գնդակն ու համազգեստը չի կարողացել բերել, այստեղ քեռու տղայի խաղալիքներով է խաղում։

Մանյան, որ ամուսնուն կորցնելուց հետո, չնայած եղբոր ու նրա ընտանիքի օգնությանը, մենակ է մնացել 4 երեխաների հետ, ասում է․ «Շատ բաների ենք հարմարվում, բայց ամուսնուս կորստին հարմարվել հնարավոր չէ, Էդիի կրկնվող հարցին, թե՝ հետ գնալու՞ ենք, պապան պոստերից գալու՞ է, դժվար է պատասխանել։ Մի կյանքի համար էս ամենը չափից շատ էր»։

Վանյանները Հայաստան գալու առաջին օրերին իրենց տանը ինը ընտանիք են ընդունել, հետո օգնել տուն գտնել հարեւան գյուղերում։

Օրվա վերջին, երբ տասնչորս հոգանոց ընտանիքի բոլոր անդամները տուն են գալիս, Լյուբան ու թոռնուհիները թեյի մեծ սեղանն են բացում, բոլորով հավաքվում շուրջը։ Չնայած գլխներով անցածին՝ թոռները կատակում են ու պատմում Գորիս գալու ճանապարհին պատահած դեպքերը՝ ինչպես էին 40 հոգով մի մեքենայի մեջ 24 ժամից ավելի ճանապարհ եկել, կամ ինչպես են համոզել պապիկին հանել զինվորական հագուստը, ու խեղճ մարդը մնացել է ներքնազգեստով։ Հետո սկսում են հերթով թվարկել Արցախի գյուղերը, եկեղեցիներն ու վանքերը։ Նրանք Արցախը երբեք Ղարաբաղ չեն կոչում, պապն արգելել է, ասում է՝ դա Արցախ աշխարհն է։

Ընթրիքն ավարտվում է, բոլորը գնում են քնելու, չորս սենյականոց տան բոլոր անկյուններում պիտի անկողին դնեն, որ տեղավորվեն։ Միայն 68-ամյա Վահանն է մինչեւ ուշ գիշեր արթուն նստում պատշգամբում՝ գլուխը ձեռքերի մեջ առած։

«Մեկ է՝ ես իմ հողն եմ ուզում, իմ հայրենիքը, ուզում եմ մեռնելուց հետո Արցախի հողի մի մասը դառնամ»,- ասում է, ձեռքը թափ տալիս ու գնում պառկելու։

Գլխավոր լուսանկարում՝ Մանյա Վանյանը որդու՝ Էդուարդի հետ

Սրբուհի Սարգսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter