Աճառյան փողոցի երթևեկությունը նորից կվերակենդանանա, իսկ Վահե Ավետյանը, ցավոք…
Աճառյան փողոցի երթևեկությունը դանդաղել էր, ինչպես դանդաղել էր վերակենդանացման բաժանմունքում կյանքի ու մահվան համառ պայքար մղող հայ բժշկի սրտի աշխատանքը… դանդաղել, դանդաղել ու դադարել… Աճառյան փողոցի երթևեկությունը նորից կվերակենդանանա, իսկ Վահե Ավետյանը, ցավոք…
«Հարսնաքար» ռեստորանի շուրջ հավաքաված մարդկանց բազմությունը րոպե առ րոպե ավելանում էր: Սկզբում մի քանի տասնյակ, ու դեռ կես ժամ չանցած արդեն հազարավոր մարդիկ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու օրեր առաջ այդ ռեստորանում «թիկնապահների» կողմից դաժանաբար ծեծի ենթարկված և երեկ երեկոյան հիվանդանոցում մահացած հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին:
Հավաքվածներն իրենց բողոքի ձայնը կատարվածի վերաբերյալ հասցնում էին լուռ, բայց միևնույն ժամանակ նախազգուշացնող մոմավառությամբ: Շատերն անգամ ծանոթ չէին զոհվածին և դեպքի մանրամասներին, սակայն մեկ կաթիլ թափված արդար արյունը բոլորիս արյունն է. ու մարդիկ դեռ շարունակում էին շատանալ, չնայած տեղացող հորդառատ անձրևին, որը նույնպես, թվում էր, կատարված ողբերգությանն անտարբեր չէր կարող վերաբերվել:
Մոմերը ձեռքին քաղաքացիների հոսքն ավելանում է, «Հարսնաքարի» մայթն արդեն լեփ-լեցուն է, Աճառյան փողոցի երթևեկությունը դանդաղել է, ինչպես դանդաղել ու դադարել էր Վահե Ավետյանի դեռ չապրված կյանքը...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել