HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայի խորհուրդը Արցախից տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ կպատրաստի

Եվրոպայի խորհուրդը որոշել է Արցախից տեղահանված անձանց աջակցության միջոցառումների փաթեթ պատրաստել։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո։

Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ, փաթեթը նպատակ ունի աջակցել Հայաստանին՝ լուծելու ավելի քան 100 000 արցախահայերի, այդ թվում՝ շուրջ 30 000 երեխաների տեղավորման հետ կապված հարցերը, որոնք սեպտեմբերի վերջին լքեցին Լեռնային Ղարաբաղը։

Եվրոպական կողմի փոխանցմամբ՝ Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչը համագործակցել է պետական համապատասխան մարմինների, միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ: Լեյլա Քայաջիկը այցելել է նաև Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարաններ։ 

«Նա մատնանշել է աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-2025 թվականների գործողությունների ծրագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության այդ ոլորտների թվում են խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ոլորտներում։ 

Բացի դրանից, առաջնահերթությունների թվում են նաև առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիության դյուրացումը, ներառյալ հոգեբանական աջակցությունը, խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը, կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը ու ՏԻՄ կենսունակության բարձրացումը:

«Այս հատուկ և նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ երկրին՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին ու մարտահրավերներին»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter