HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել պաղեստինյան փախստականների ճամբարին. կա առնվազն 47 հաստատված զոհ

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունների մասին։ Պաղեստինյան կողմը, ինչպես նաև մոտակայքում տեղակայված ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը BBC News-ին պնդել են, որ կա առնվազն 50 զոհ։

Պաղեստինը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դարձել է Իսրայելի ավիահարվածը, Իսրայելը դա չի հերքում։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ մոտ 150 մարդ մնում է փլատակների տակ, տանսյակներն էլ դեռ փլատակների տակ են։

Իր հերթին AFP-ն գրում է, որ տեսագրություններից մեկում երևում է, որ փլատակների տակից դուրս են բերում առնվազն 47 մարմին։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հաստատել է, որ իսրայելական բանակը հարվածել է փախստականների ճամբարին։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի «Ջաբալիա» գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարին, ինչպես նաև փլուզվել է խմբավորման ստորգետնյա ենթակառուցվածքներից մեկը։ 

Իսրայելում պնդում են, որ Բիարին այն անձանցից մեկն էր, որը պատասխանատու էր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար։ Իսրայելական բանակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռիչարդ Հեխտն էլ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարը «թաքնվում էր խաղաղ բնակիչների թիկունքում»։

Ջաբալիա ճամբարը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսային մասում։ Ինչպես գրում է BBC News-ը, սա Գազայի հատվածում գտնվող ութ ճամբարներից ամենախոշորն էր։ ՄԱԿ-ի տվյալներով, 2023 թվականի հուլիսի դրությամբ, այնտեղ գրանցվել էր ավելի քան 116 հազար պաղեստինցի փախստական։ Ճամբարը ստեղծվել էր 1948 թվականի պատերազմից հետո։ Տարածքը կազմում է 1,4 քառակուսի կիլոմետր։ Ջաբալիայում կա 26 դպրոց, պարենի բաշխման կենտրոն, երկու բժշկական կենտրոն, գրադարան։ Ճամբարը գտնվում է Գազայի հատվածի այն մասում, որտեղի բնակչությանն Իսրայելը կոչ էր արել տեղահանվել։

Լուսանկարը՝ Anas al-Shareef/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter