HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվության բաժնից։

Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: 

Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։ 

Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս: 

Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: 

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter