
Սուրբ Սոֆիայի տաճար մուտքը օտարերկրացիների համար վճարովի կդառնա
Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար) մուտքը 2024 թվականի հունվարից օտարերկրացիների համար կդառնա վճարովի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
«Մենք անցնում ենք Սուրբ Սոֆիայի մզկիթում այցելուների կառավարման համակարգի օգտագործմանը: Կբարձրանա այցելության որակն ու անվտանգությունը։ Հունվարի 15-ից զբոսաշրջիկների այցելությունները վճարովի կլինեն: Թուրքիայի քաղաքացիների համար այցելությունն ու երկրպագությունը կլինեն անվճար»,- հայտարարել է թուրք նախարարը։
Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ Սուրբ Սոֆիայի տաճար այցելելու համար օտարերկրացի զբոսաշրջիկներին առանձին մուտք կհատկացվի։
2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածվեց գործող մզկիթի։ Քրիստոնեական եկեղեցիները ափսոսանք էին հայտնել այս որոշման կապակցությամբ: Նույն արձագանքը եղավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Թանգարանի կարգավիճակում Սուրբ Սոֆիայի տաճար մուտքը վճարովի էր։ Սակայն Թուրքիայի նախագահը խոստացել էր, որ կարգավիճակի փոփոխության դեպքում մզկիթի մուտքն անվճար կլինի բոլորի համար։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել