
Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է փոխանցել ավելի քան 1 միլիոն հրետանային արկ․ Bloomberg
Հյուսիսային Կորեան ավելի քան մեկ միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին, որոնք ռուսական բանակը, հավանաբար, արդեն իսկ օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հարավկորեացի պաշտոնյային, որը ներկա է եղել այդ երկրի ազգային հետախուզության փակ ճեպազրույցին:
Վերջինիս խոսքով՝ հարավկորեական հետախուզությունը կարծում է, թե օգոստոսից Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 10 խմբաքանակ զենք: Բացի այդ, Ռուսաստան են ուղարկվել նաև հյուսիսկորեացի զինվորական խորհրդականներ՝ զինամթերքի օգտագործման հարցով օգնության համար։
Bloomberg-ն իր հերթին նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և հրթիռների աշխարհի ամենամեծ պաշարներից մեկը, որոնք համատեղելի են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից օգտագործվող խորհրդային զենքերի հետ: Գործակալությունը գրում է, որ այս գործարքը Հյուսիսային Կորեայի բյուջեին կարող է բերել հարյուրավոր կամ նույնիսկ միլիարդավոր դոլարներ։
Բացի այդ, Հարավային Կորեայի հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը տեխնիկական օգնություն է ցուցաբերում Հյուսիսային Կորեային ռազմական հետախուզական արբանյակի արձակման հարցում։ Հյուսիսային Կորեան նախկինում երկու անգամ ձախողել էր այդ արբանյակի արձակումը։
Լուսանկարում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը/API/Gamma-Rapho/Getty Images
Մեկնաբանել