
Եգիպտոսը Գազայի հատվածի հետ սահմանին անցակետ է բացել օտարերկրացիների տարհանման համար
Օտարերկրյա քաղաքացիների առաջին խմբերը սկսել են լքել Գազայի հատվածը Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ հսկիչ անցակետով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը: Նշվում է, որ նոյեմբերի 1-ին պաղեստինյան տարածքն այդ անցակետով կարող է լքել օտարերկրյա անձնագիր ունեցող շուրջ 400 անձ:
Բացի այդ, ենթադրվում է, որ Գազայի հատվածից դուրս կբերվի մոտ 90 ծանր վիրավոր։ The Times of Israel-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ անցակետի մոտ Եգիպտոսի իշխանությունները դաշտային հոսպիտալ են բացում։
Օտարերկրացիների համար անցակետի բացման մասին ավելի վաղ հայտնել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։ Նա հավելել էր, որ բրիտանական իշխանությունները պատրաստ են անհապաղ օգնություն ցուցաբերել իրենց քաղաքացիներին, հենց որ նրանք լքեն Գազայի հատվածը։
Նոյեմբերի 1-ին հսկիչ անցագրային կետի հնարավոր բացման մասին հայտնել էին նաև Reuters-ի աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իսրայելի, Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև Կատարում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Թե որքան կգործի Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին տեղակայված անցակետը, դեռևս հայտնի չէ։ Սա Գազայի միակ անցակետն է, որը չի վերահսկվում Իսրայելի կողմից։
Լուսանկարը՝ Abed Rahim Khatib/Flash90
Մեկնաբանել