HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիայի վտանգ կա. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել ահազանգող հայտարարությամբ։ Ըստ ինստիտուտի՝ առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձր հավանականություն կա:

Հայտարարության հեղինակները նշում են, որ Ադրբեջանը զավթողական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ և, չնայած ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանը հավակնություններ ունի Սյունիքի մարզի հանդեպ։

«Ադրբեջանը վաղուց է ցանկանում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցք»-ի անցման վայր: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնագրավումը, ինչպես նաև՝ Թուրքիայում և Ադրբեջանում էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության»,-ասված է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտը հայտարարության մեջ հիշեցնում է, որ ցեղասպանությունը արտահայտվում է ոչ միայն զանգվածային սպանությունների միջոցով. «Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացմանը»։

Հայտարարության մեջ նշված է, որ ադրբեջանական ներխուժումը կապված է ագրեսիան ցեղասպանության վերաճելու սպառնալիքի հետ։ Ըստ հեղինակների, Ադրբեջանում և Թուրքիայում կա «էնդեմիկ ցեղասպան հայատյացություն», որի մասին խոսում են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած տարածքների զավթումը։

«Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային՝ Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածքը՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»,-նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ինստիտուտը կոչ է անում արևմտյան ուժերին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու Հարավային Կովկասում ևս մեկ ցեղասպանություն։ 

«Ըստ այդմ՝ արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և իր դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում։ Նրանք կարող են դա անել՝ պնդելով, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած միջանցք։ Նրանք կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր բանակը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևում»,-նշված է հայտարարության մեջ։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter