
Ֆրանսիայի նախագահը ժամանել է Ուզբեկստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան: Սամարղանդի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը։
«Այցի ծրագրին համապատասխան՝ Սամարղանդում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն Ուզբեկստանի և Ֆրանսիայի միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ ուշադրության կենտրոնում կլինեն առևտրատնտեսական, ինովացիոն, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնման հարցերը։
Նշվում է նաև, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Էմանուել Մակրոնը կմասնակցեն համատեղ գործարար համաժողովին՝ երկու երկրների առաջատար ընկերությունների և բանկային-ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքներով կընդունվեն միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, ինչպես նաև՝ առևտրա-ներդրումային պայմանագրեր:
Լուսանկարը՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել