
Աստանայում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր իր աշխատանքն է սկսում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը:
Հոբելյանական գագաթնաժողովին մասնակցում են այդ կազմակերպության անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները:
Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է արտակարգ իրավիճակների և չափագիտության ոլորտներում բազմակողմ փաստաթղթերի ստորագրում: Բացի այդ, կստորագրվեն Կազմակերպության՝ տրանսպորտային հաղորդակցության ծրագրի իրականացման գործողությունների համատեղ պլանը, ինչպես նաև Աստանայի ակտը և Աստանայի գագաթնաժողովի հռչակագիրը:
Գագաթնաժողովի արդյունքներով նախագահությունն Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին։
Առավոտյան Աստանայում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել նախարարների խորհրդի նիստում:
Զուգահեռաբար, առավոտյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լուսանկարը՝ արխիվային/AP գործակալություն
Մեկնաբանել