HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքի շրջափակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակման մեջ է վերցրել Գազա քաղաքը։ Այդ մասին հայտնում է բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, որի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը:

«Մենք առաջ ենք շարժվել դեպի պատերազմի ևս մեկ կարևոր փուլ։ Ուժերը գտնվում են Գազայի հյուսիսային մասի հենց սրտում, գործում են Գազա քաղաքում, շրջափակում են այն, խորացնում ցամաքային հարձակումը և հասնում հաջողությունների»,- ասված է Հալևիի հայտարարության մեջ, որն արվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայից։

Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը Գազայում գործում է «մեծ թվով ուժերով»։ Իսրայելցի զինվորականն ընդգծել է, որ Գազայում գործողությանը ներգրավված է երկրի ռազմաօդային ուժերի «կեսից քիչը»։ Հալևիի խոսքով՝ այս պատերազմը «ցավոտ և ծանր գին» ունի։ Այսօրվա դրությամբ ցամաքային գործողության ընթացքում զոհվել է իսրայելցի 18 զինվորական:

«Մենք պատերազմում կորցրել ենք մեր լավագույն որդիներին, մենք գրկում ենք նրանց ընտանիքներին։ Մենք շարունակելու ենք հաղթել»,- Հալևիի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է իրականացնում Գազա քաղաքում։ «Մենք շատ տպավորիչ հաջողություններ ունենք, արդեն շատ ավելի հեռու ենք գտնվում, քան Գազա քաղաքի սկզբնամասն է։ Մենք գտնվում ենք ճակատամարտի գագաթնակետին։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Մենք առաջ ենք գնալու և հաղթելու ենք և դա անելու ենք Աստծո և մեր հերոս զինվորների օգնությամբ»,- ասված է Նեթանյահուի տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Fatima Shbair/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter