
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանը խուսափում է Իսրայելի հետ լայնամասշտաբ բախումից
Ամերիկյան հետախուզությունն այս պահին կարծում է, որ Իրանը զուսպ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին իր պատասխանում, որպեսզի խուսափի Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, որը ծանոթ է տարածաշրջանի վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալներին։
Վերջինիս տվյալներով՝ Թեհրանը գիտի, որ եթե շիական «Հեզբոլահ» շարժումը ուղիղ բախման մեջ մտնի Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ, ապա դա, ամենայն հավանականությամբ, ուղիղ բախում կհրահրի Իրանի հետ, որը վերջինիս համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրումից հետո ԱՄՆ-ն տարածաշրջանում էական թվով ռազմական ուժեր է տեղակայել, իսկ իսրայելական բանակը տեղակայվել է հնարավոր հարվածների բոլոր ուղղություններով։
CNN-ի աղբյուրը նշել է, որ հենց սա է թույլ տալիս Իրանին հայտարարել, որ Թեհրանը քայլեր է ձեռնարկում պաղեստինցիների պաշտպանության հարցում, սակայն խուսափում է ուղիղ ռազմական բախման մեջ մտնել։
Լուսանկարը՝ Sobhan Farajvan/Pacific Press/Sipa USA via Reuters Connect
Մեկնաբանել