
Ինչպե՞ս են հարստանում Գագիկ Խաչատրյանն ու կինը
Ի՞նչ են «խոսում» պաշտոնական թվերը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի պատճառով հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն իր գույքի եւ եկամուտների հայտարարագրերով ցույց է տալիս, թե «համեստ» կյանքով է ապրում:
Ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի՝ 2009թ. գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է ընդամենը 53 միլիոն 833 հազար 900 դրամ եկամուտ եւ ուրիշ ոչինչ:
Նույն «չոր ու ցամաք» վիճակին է եղել նաեւ 2010թ-ին: Այդ տարի էլ հայտարարագրել է միայն դրամային եկամուտ եւ ուրիշ ոչինչ` 58 միլիոն 75 հազար 880 դրամ:
2011թ.-ը բեկումնային է եղել Գագիկ Խաչատրյանի կյանքում: Այդ տարի պետեկամուտների կոմիտեի նախագահը, թեեւ ոչ շարժական, ոչ անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի արել, չի ունեցել արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաեւ 8 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը գերազանցող գույք, սակայն հայտարարագրել է մի քանի անգամ շատ ֆինանսական միջոցներ, քան նախորդ տարիներին:
2011թ.-ի ավարտին Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ եւ 2 միլիոն 980 հազար դոլար: ՊԵԿ նախագահի նույն տարվա միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 8 միլիոն 463 հազար 500 դրամ:
Գագիկ Խաչատրյանի եկամուտն ու դրաման միջոցներն` ըստ տարիների |
|||
Արժույթ |
2009թ. |
2010թ. |
2011թ. |
Դրամ |
53.833.900 |
58.75.880 |
278.000.000 |
Դոլար
|
---- |
---- |
2.980.000
|
Իր ֆինանսական միջոցներով ամուսնուն չի զիջում Գագիկ Խաչատրյանի կինը` Լաուրա Եփրեմյանը: Նա էլ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաեւ ներդրումների ու արժեթղթերի հետ կապված գործարքներ չի կատարել, սակայն հայտարարագրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ:
Լաուրա Եփրեմյանը 2011թ.-ին հայտարարագրել է 188 միլիոն դրամ եւ 2 միլիոն 765 հազար 200 դոլար: ՊԵԿ նախագահի տիկնոջ եկամուտի միակ աղբյուրը նույնպես աշխատավարձն է ու դրան հավասարեցված վճարները` 671 հազար 740 դրամ:
Հետաքրքիր է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհետաքրքրվի՞, թե եկամուտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձով, ինչպես են միլիոնների հասնող դրամական միջոցներ կուտակել ՊԵԿ նախագահն ու նրա կինը, եւ ամենակարեւորը` ի՞նչ ճանապարհով, երբ հայտարարագրում եկամտի այլ աղբյուրներ չեն նշել:
Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես նշեցինք, մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին ու եկամուտներին թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս:
Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երեւան եկող 269 համարի երթուղին եւ «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» եւ «Չիմեգ» ընկերությունները: Եղվարդում Գագիկ Խաչատրյանը ունի նաեւ ջերմոցներ: Այնտեղի աշխատողներից մեկը, պատմելով ջերմոցի մասին, նշում է, որ ամենուր տեղադրված են տեսախցիկներ, եւ իրենք չեն կարողանում նույնիսկ համտես անել իրենց աճեցրած բանջարեղենը:
Վերջերս էլ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ, որը դարձյալ կապվեց Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Ըստ հրապարակմանը` դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Այն կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել:
Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:
Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաեւ Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների եւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել