HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ի՞նչ սխեմայով է Տարոն Մարգարյանի մերձավորը տիրացել Երևանի 1.8 միլիարդ արժողությամբ գույքին 

Գլխավոր դատախազությունն այս սեպտեմբերին հայտնեց, որ բացահայտվել է Երևան համայնքին պատկանող 1.8 միլիարդ դրամ արժեքով անշարժ գույքի հափշտակության և փողերի լվացման դեպք։ 2010-2012 թվականներին տեղի ունեցած դեպքերով մեղադրյալը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավոր Արմեն Երեմյանն է, որը կալանավորվել է։ «Հետք»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել համայնքային հողերի հափշտակությունից։ Արմեն Երեմյանը Երևանի ավագանու նախկին անդամ է, հանդիսացել է «Հանրապետական» կուսակցության անդամ։ Երեմյանը հայտնի է նաև որպես «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր։

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած 3 հողատարածքներից մեկը՝ Նոր Նորք, մյուս երկուսը Ավան վարչական շրջանում են, որոնք, ըստ դատախազության, կեղծ փաստաթղթերով դարձել են Արմեն Երեմյանի և նրա մերձավորների սեփականությունը։ Այդ դեպքերով արխիվային կեղծ փաստաթղթեր են կազմվել, որոնք օգտագործվել են դատարանում։ Դատական վճիռներով ստացել են իրավաբանական փաստի հաստատումներ, որոնք էլ հիմք են դարձել գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար։ Դատական ակտերը կայացրել է նույն դատավորը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանը։ Արմեն Երեմյանը մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել դատավորի օգնական Գեղամ Սարգսյանի հետ։ 

Կասկածելի գործարքով սեփականաշնորհված գույքերից մեկը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ թաղամասում՝ 56 մանկապարտեզի հարևանությամբ։ 2012 թ.-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատարան է դիմել Արմեն Երեմյանի մտերիմ (վարորդ) Ազատ Հակոբյանը, որպեսզի դատարանը իրավաբանական նշանակության փաստը հաստատի։ Ըստ հայցի, Ազատ Հակոբյանը «Նինա» կոոպերատիվի նախագահ Թելման Գյուլբուդաղյանից գնել է Ավանում գտնվող 7500 քմ հողամասը, որի համար առքուվաճառքի պայմանագիր են կնքել։ Սակայն պայմանագիրը նոտարական վավերացման չեն ներկայացրել, իսկ հետագայում Թելման Գյուլբուդաղյանը մահացել է։ Թե ինչպես է հողը դարձել Թելման Գյուլբուդաղյանի սեփականությունը, հայցվորը դատարանում հիմնավորել է արխիվային տեղեկանքով։ Իբր այդ հողը Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն դեռևս 1990 թ.-ին հատկացրել է «Նինա» կոոպերատիվին հասարակական սննդի օբյեկտ կառուցելու համար։ Մինչդեռ պարզվել է, որ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն նման որոշում չի կայացրել։ Բայց դա չի խանգարել դատավորին, որ հայցը բավարարի։ Դատական ակտը հետագայում ներկայացվել է Կադաստրի կոմիտե, և 7500 քմ հողի նկատմամբ գրանցվել է Արմեն Երեմյանի վարորդի սեփականության իրավունքը։ Դրանից հետո գույքը մասնատել են։ Մի մասը գրանցել են դատավորի օգնական Գեղամ Սարգսյանի հետ փոխկապակցված անձի անունով, մյուս մասը՝ Արմեն Երեմյանի հետ փոխկապակցված անձի անունով։ Հետագայում գույքի վերաբերյալ մի շարք գործարքներ են կատարվել, որից հետո տարածքի մի մասում այժմ բնակելի շենք է կառուցվում, մյուս մասը կառուցապատված չէ։

Ավանում է գտնվում նաև Երևան համայնքին պատկանած մյուս գույքը, որը նմանատիպ սխեմայով կրկին դարձել է Արմեն Երեմյանի սեփականությունը։ Ավան Առինջի Աշխաբադի փողոցում է գտնվում Արմեն Երեմյանին պատկանող հասարակական մի տարածք՝ կրպակաշարք («Զովք» սուպերմարկետի դիմացի մայթին)։ Այդ տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող 400 քմ հողամասը և դրա վրայի շինությունը 2012 թ.-ին դարձել է Արմեն Երեմյանի սեփականությունը։ Մինչ այդ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանը վարույթ է ընդունել «գործարքը վավեր ճանաչելու» մասին Արմեն Երեմյանի հայցը։ Երեմյանը դատարանին հայտնել է, որ այդ 400 քմ հողամասը և դրա վրայի շինությունը գնել է ոմն Մանվել Հակոբյանից, սակայն գործարքը նոտարական վավերացման չեն ներկայացրել, քանի որ Հակոբյանն, իբր, խուսափել է նոտարական գրասենյակ ներկայանալ։ Այդ պատճառով Արմեն Երեմյանը դիմել է դատարան, որպեսզի սեփականության գործարքը վավեր համարվի, և ճանաչվի գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը։

Իսկ թե ինչպես է հողամասը դարձել Մանվել Հակոբյանի սեփականությունը, դատարանում կրկին արխիվային տեղեկանք է ներկայացվել։ Ըստ այդ տեղեկանքի, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1990 թ.-ին հողատարածքի վրա լիմոնադի արտադրամաս կառուցելու նպատակով այն հատկացրել է Մանվել Հակոբյանին։ Մինչդեռ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն նման որոշում չի ընդունել։ Դատարանը, հիմք ընդունելով Արմեն Երեմյանի ներկայացրած փաստաթղթերը, վճռել է ճանաչել նրա սեփականության իրավունքը, որից հետո Կադաստրի կոմիտեն սեփականության վկայական է տվել։

Զարտուղի ճանապարհով սեփականաշնորհված երրորդ հողամասը գտնվում է Նոր Նորքում։ Հեռուստաաշտարակից դեպի Նորքի զանգվածներ տանող ՝ Դավիթ Բեկի փողոցի ձախ մասում գտնվող հողատարածքը 2.6 հեկտար մակերես է ունեցել։ Այդ հողամասի սեփականաշնորհման գործում նույնպես օգտագործվել է գոյություն չունեցած արխիվային տվյալ, որը կրկին ներկայացվել է նույն դատարանում։ Հայցվորները դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի օգնական Գեղամ Սարգսյանի և Արմեն Երեմյանի հետ փոխկապակցված անձինք են եղել։

Ըստ դատարան ներկայացված փաստաթղթի, Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը 1986 թ.-ին որոշել է 2.6 հա հողամասը հատկացնել մի խումբ անձանց՝ բնակարան կառուցելու նպատակով։ Մեկ այլ փաստաթղթի համաձայն, գործադիր կոմիտեն որոշել է, որ այդ անձանց անունից հանդես պետք է գա ոմն Լիպարիտ Գալստյան և այդ հողատարածքը վաճառի մեկ այլ անձի՝ Վերգուշ Ավետիսյանին։ Վերջինս 1991 թ.-ին մի պայմանագիր է կնքել Արմեն Երեմյանի և դատավորի օգնական Գեղամ Սարգսյանի մերձավորների հետ։ Հետագայում Վերգուշ Ավետիսյանը մահացել է։ Դատարանը, հիմք ընդունելով նշվածը, հաստատել է կասկածելի գործարքը, որով Երևան համայնքին պատկանած 2.6 հա հողամասը սեփականաշնորհվել է։ Այս ամենն այն դեպքում, երբ Երևանի Գործադիր կոմիտեն նման որոշումներ չի ընդունել։ Համայնքային հողամասը սեփականաշնորհելուց հետո այն մասնատել են, սեփականատերեր փոխել, վաճառել և եկամուտ ստացել։

Արմեն Երեմյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության (3 դրվագով) և փողերի լվացման՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով (2 դրվագով)։

Գլխավոր լուսանկարում Արմեն Երեմյանն է, աղբյուրը՝ yerevan.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter