HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթ: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Այն ներառում է Պենտագոնի պահուստներից մինչև 125 միլիոն դոլարի օգնություն՝ ռազմադաշտում Ուկրաինայի հրատապ կարիքները բավարարելու համար, ինչպես նաև 300 միլիոն դոլար՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցներից՝ երկարաժամկետ հեռանկարում ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդման համար:

Նոր փաթեթում ներառված են NASAMS զենիթահրթիռային համալիրների և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված լրացուցիչ սպառազինություն, 105 մմ և 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, TOW տեսակի հակատանկային հրթիռներ, Claymore տեսակի հակահետևակային ականներ, հրաձգային զենքի ավելի քան 3 միլիոն փամփուշտ և նռնակներ, ինչպես նաև 12 բեռնատար՝ ծանր սարքավորումներ տեղափոխելու համար: Բացի այդ, Ուկրաինան կստանա լազերային ուղղորդմամբ լրացուցիչ սպառազինություն՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:

«Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնությունը խելամիտ ներդրում է մեր ազգային անվտանգության մեջ։ Դա օգնում է կանխել տարածաշրջանում ավելի մեծ հակամարտությունը և զսպում պոտենցիալ ագրեսիան այլ հատվածներում՝ միաժամանակ ամրապնդելով մեր պաշտպանական-արդյունաբերական բազան ու բարձր որակավորում ունեցող աշխատատեղեր ստեղծելով ամերիկացի ժողովրդի համար»,- ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ-ն, նախագահ Բայդենի պաշտոնավարման մեկնարկից ի վեր, Ուկրաինային ավելի քան 44,8 միլիարդ դոլար է հատկացրել՝ անվտանգության ոլորտում օգնության համար, այդ թվում՝ 44,2 միլիարդ դոլար՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։

Լուսանկարը՝ Reuters/Valentyn Ogirenko/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter