
NBC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ուկրաինայի հետ քննարկում են Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները սկսել են Ուկրաինայի կառավարության հետ քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների հարցը: Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին, որոնք ծանոթ են քննարկումների ընթացքին:
Լրագրողների զրուցակիցների խոսքով՝ քննարկումները վերաբերում էին այն հանգամանքներին, թե ինչից Կիևը, հավանաբար, ստիպված կլինի հրաժարվել Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար: Այդ քննարկումների մի մասը, որոնք NBC News-ի աղբյուրները «նուրբ» են անվանել, տեղի են ունեցել հոկտեմբերին՝ «Ռամշթայն» ձևաչափով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ:
Կիևի հետ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաների այն մտավախությունների ֆոնին, որ պատերազմը փակուղի է մտել։ Բացի այդ, նրանք կասկածներ ունեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շարունակականության վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում նաև մտահոգված են, որ Ուկրաինան դժվարություններ ունի բնակիչների զորակոչի հարցում: Բացի այդ, ռուսական ներխուժումն Ուկրաինա արդեն այդքան պոպուլյար չէ միջազգային հանրության շրջան, որքան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ինչը, պաշտոնյաների կարծիքով, կարող է ազդել Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցում:
NBC News-ի աղբյուրները կարծում են, որ Կիևի հետ խաղաղության բանակցությունների շուրջ արևմտյան պաշտոնյաների առավել ակտիվ քննարկումները կսկսվեն տարեվերջին կամ 2024 թվականի սկզբին: Բանակցություններ սկսելու շուրջ Վլադիմիր Զելենսկիին համոզելու համար ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային անվտանգության որոշ երաշխիքներ առաջարկել, նույնիսկ առանց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության։
Միևնույն ժամանակ, Բայդենի վարչակազմում կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայի հետ բանակցություններին և դեռ հույս ունի շարունակել պատերազմը, երբ Կիևի դաշնակիցները կորցնեն նրան աջակցելու հնարավորությունը։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը NBC News-ին ասել է, որ բանակցությունների վերաբերյալ ցանկացած որոշում կախված է Ուկրաինայից: «Մենք կենտրոնացած ենք շարունակելու վճռականորեն աջակցել Ուկրաինային, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը ռուսական ագրեսիայից»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Լուսանկարը՝ Sergei Kholodilin/BelTA/Handout via Reuters
Մեկնաբանել