
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 137-ը
Առնվազն 137 մարդ է զոհվել Նեպալի արևմուտքում գտնվող Ջայարկոտ շրջանում գրանցված երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Նեպալի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 4-ի գիշերը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները հարևան Հնդկաստանում զգացել են նաև Նյու Դելիի բնակիչները։
Ջայարկոտ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տներ են փլուզվել, այստեղ զոհվել է առնվազն 92 մարդ, առնվազն 55-ը վիրավորվել են: Հարևան Արևմտյան Ռուկում շրջանում էլ կա առնվազն 36 զոհ և 85 տուժած։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել․ տուժած մի շարք բնակավայրերի հետ կապը կորել է: Որոնողափրկարարական ծառայությունները մաքրում են սողանքներից արգելափակված ճանապարհները՝ երկրաշարժից տուժած շրջաններ հասնելու համար:
Նեպալի վարչապետ Պուշպա Քամալ Դահալը ուղղաթիռով մեկնել է աղետի գոտի։
Լուսանկարը՝ livemint.com-ից
Մեկնաբանել