
ՀԱՄԱՍ-ի հաղթանակը համապատասխանում է Հորդանանի, Եգիպտոսի, Սիրիայի և առաջին հերթին Լիբանանի շահերին. Հեզբոլահի առաջնորդ
Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան իսլամական երկրներին կոչ է արել դադարեցնել նավթի արտահանումն Իսրայել և օգնել ՀԱՄԱՍ-ին հաղթել Հրեական պետությանը: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նրա խոսքով՝ Հեզբոլահին զարմացրել է Իսրայել ՀԱՄԱՍ-ի ներխուժումը, քանի որ զինյալներն իրենց ծրագրերի մասին դաշնակիցներից ոչ մեկին չեն հայտնել: Ավելի ուշ, ըստ նրա, Հեզբոլահը «կարողացավ կողմնորոշվել» և արդեն հոկտեմբերի 8-ին պատերազմի մեջ մտավ Իսրայելի դեմ։ Այժմ հայտնի է 47 լիբանանցի զինյալի մահվան մասին։
«Ոմանք ասում են, որ այսօր ես մտադիր եմ հայտարարել մեր միջամտության մասին, բայց մենք միջամտում ենք հոկտեմբերի 8-ից՝ «Ալ-Աքսայի փոթորկի» երկրորդ օրվանից։ Ոմանք ցանկանում են, որ մենք լայնամասշտաբ պատերազմ սկսենք, և նրանց համար հյուսիսային սահմանին գործողությունները կարող են դիտվել որպես սահմանափակ, բայց դա հաստատ այդպես չէ: Հեզբոլահի ուժերն իրենց վրա են շեղել իսրայելական բանակի ուժերի մեկ երրորդը՝ դրանով իսկ թույլ չտալով, որ հակառակորդի բոլոր ուժերը նետվեն Գազայի դեմ»,- հայտարարել է Նասրուլան։
«Մեր պարտավորությունն է դադարեցնել Գազայի դեմ պատերազմը և հասնել ՀԱՄԱՍ-ի հաղթանակին։ ՀԱՄԱՍ-ի հաղթանակը բխում է Հորդանանի, Սիրիայի, Եգիպտոսի և առաջին հերթին Լիբանանի ազգային շահերից: Արաբական և իսլամական երկրները պետք է ջանքեր գործադրեն հրադադար հաստատելու համար, նույնիսկ եթե նրանցից ոմանք չեն ցանկանում պատերազմել կամ որևէ բան զոհաբերել: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել»,- ընդգծել է նա։
Լիբանանա-իսրայելական սահմանին Հեզբոլահի զինյալների և իսրայելցի զինվորականների բախումներն այժմ բավականին ինտենսիվ են, Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել երկրի հյուսիսային սահմանների մոտ: Հիշեցնենք, որ մինչ օրս Հեզբոլահը չի հայտարարել ի աջակցություն ՀԱՄԱՍ-ի Իսրայելի դեմ պատերազմ սկսելու մասին։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և արևմտյան մի շարք այլ երկրներ Հեզբոլահը արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն են համարում:
Լուսանկարը՝ AP Photo/Hussein Malla
Մեկնաբանել