HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ռադիոն իրենց աշխարհն է ու ընտանիքը

Արդեն երկար տարիներ Լիլիթ Նալբանդյանը «Միգ» ռադիոկայանի եթերից բարձր տրամադրություն ու հաճելի պահեր է պարգևում վանաձորցիներին: Սիրված հաղորդավարուհին որոշ մասնագիտական գաղտնիքներ է բացում իր փորձից. հաղորդավարը պետք է գրագետ լինի, տիրապետի խոսքի արվեստին:

Այսօր շատերն առօրյա խոսակցական ոճ են գործածում եթերում, ինչն անընդունելի Լիլիթի համար: Բարեկիրթ հաղորդավարուհին նաև անկեղծ, սրտակից զրուցակից է, որի շնորհիվ վայելում է ռադիոլսողի վստահությունը:

«Ունկնդրին դու փոխանցում ես քո տրամադրությունը: Իսկ նա պիտի չհասկանա, որ դու այդ օրը վատ տրամադրություն ունես»,- ասում է Լիլիթը:

Պահեր են եղել, երբ նա բարձր տրամադրություն է մաղթել ռադիոլսողին՝արցունքների միջից ժպտալով, որպեսզի չմատնի իր հոգեվիճակը: Կամ խորհուրդներ է տվել նրանց խնդիրների վերաբերյալ այն դեպքում, երբ ինքն է օգնության կարիք զգացել կյանքում:

Լիլիթը բացահայտում է ռադիոհաղորդավարի հմայքի գաղտնիքը. «Մարդը քեզ չի տեսնում, չգիտի՝ով ես, գեղեցիկ ես, տգեղ ես, ինչ գիտելիք ունես, բայց ձայնի միջոցով դու ստեղծում ես կերպար ու պիտի կարողանաս հնարավորինս ճիշտ ներկայացնել քեզ»:

Իսկ գրավիչ է հատկապես ժպտացող ձայնը. «Պիտի խոսես ժպտալով. ժպիտը շատ կարևոր է»,- ասում է հաղորդավարուհին:

Իր ապագա՝ դեռևս անծանոթ օպերատորին ու ամուսնուն էլ Լիլիթը նախ ձայնով է գերել: 7 տարի առաջ, երբ առաջին օրը ոտք էր դրել ստուդիա՝ պայմաններին ու աշխատանքին ծանոթանալու, նրան հեռախոսի մոտ կանչեցին: Օպերատոր Վոլոդյան, իմանալով, որ նոր երիտասարդ գործընկերուհի ունեն, չէր համբերել հասնել ստուդիա և խնդրել էր հեռախոսը նրան փոխանցել, որ տեսնի՝ ով է այդ աղջիկը:

«Վերցրեց Լիլիթը, ձայնը նուրբ էր, հետաքրքիր: Ասեցի՝ սպասիր, գալիս եմ: Երևի ձայնն էր պատճառը, թե չէ ինչու պետք է այդպես ասեի,- հիշում է Վոլոդյան,- ծանոթացանք, արտաքինը ձայնի հետ համահունչ էր: Անցավ մի քանի օր, զգում էի՝ մի բան այն չէ. որ գալիս էր ստուդիա, լարվում էի, հետս ինչ-որ բան էր կատարվում: Տնօրենին ասեցի՝ իր օպերատորը ես պետք է լինեմ»:

Մինչ օրս՝ արդեն 7 տարի, Լիլիթն ու Վոլոդյան միասին են աշխատում: Միասին են պատրաստում տեքստերը, ընտրում եթերում հնչող երաժշտությունը: Ամեն շաբաթ օր՝ գիշերվա ժամը 2-ին ավարտվող եթերից հետո, քայլելով գնում են տուն ու ճանապարին քննարկում հաղորդումը: Եթե պլանավորածի համաձայն է անցել, գործընկերները գոհ են մնում իրենց աշխատանքից: Հաճախ ոադիոռեպորտաժներ են պատրաստում. ձայնագրառելով Լիլիթի ընթերցած տեքստը՝ Վոլոդյան այնուհետև զբաղվում է դրա մշակմամբ (մոնտաժով): 

«Սիրում եմ նրա ձայնը լսել: Դժվար կլինի բացատրել, թե ինչ կա նրա ձայնի մեջ: Երևի՝ նրա ձայնը իմ ականջների համար է»,- ասում է Վոլոդյան:

«Ռադիոն մեզ կապեց կամա թե ակամա,- վերապրում է Լիլիթը,- հաճախ վիճում էինք: Նույն սենյակում էինք աշխատում ու ժամերով չէինք խոսում, որովհետև եթե խոսեինք, երկրորդ բառը վեճ պիտի լիներ: Որոշում էի աշխատանքից դուրս գամ. այդպես աշխատելը դժվար էր իրականում, բայց հետո մտածում էի, որ այդքան երկար երազել եմ ռադիոյում աշխատելու մասին ու հիմա չեմ կարող թողնել այն»:

Վեճերի պատճառով Վոլոդյան ինքն էր մի քանի անգամ փորձել հեռանալ ռադիոյից. «Սկզբում թողեցի գնացի Վրաստան, որ մոռանամ ամեն ինչ, Լիլիթին, մեր պատմությունը, բայց մեռնելով մնացի 1 ամիս ու ասեցի՝ չէ, չեմ կարող, նորից ստուդիա եմ գնում, գնում եմ Լիլիթի մոտ: Հետո նորից վեճ, գնացի Մոսկվա՝ ավելի հեռու: Հազիվ 4 ամիս դիմացա»:

Լիլիթին ու Վոլոդյային միավորելով որպես գործընկերներ ու սկիզբ դնելով գեղեցիկ սիրո պատմության՝ ռադիոն նրանց համար նաև տուն ու ընտանիք դարձավ: Նրանց ամուսնական կյանքն էլ է ռադիոեթերից սկսվել՝ եթերը ձախողելու գնով:

«Մի քանի րոպեով դուրս կանչեցին տաղավարից: Դրսում՝ մեքենայի մոտ, Վոլոդյայի ընկերն էր կանգնած: Ասացի՝ արագ ասա ասելիքդ: Եթերում մի երգ է մնացել, բան չկա դրված, կխշշա եթերը, ինձ վրա մեծ խոսակցություն կգա: Մեր մասին էր խոսում, ասում էր՝ մինչև ե՞րբ պետք է շարունակվեն ձեր վեճերը: Զգում էի՝ ինչ-որ բան այն չէ: Նույն բանը տարբեր ձևով ասում էր: Թեքվեցի, որ գնամ, հետևից մեկը գրկեց: Ոնց է լինում իսկապես աղջիկ փախցնելը. նա չի ուզում, պատրաստ չէ, բայց տանում են, հետն էլ՝ աշխատանքից: Բղավում էի, ասում էի եթերը, երեխե՛ք, եթերը: Իմ վիճակն էլ էի մոռացել, մտածում էի՝ տնօրենը կիջնի, մարդ չկա: Շորերս կան, ես չկամ: Ոչ մեկը, իհարկե, չլսեց»,- հիշում է Լիլիթը:

Շքեղություն չկա ռադիոտաղավարում, բայց այն Լիլիթի ու Վոլոդյայի աշխարհն է, ուր արդեն իրենց փոքրիկ Ալենին են բերում:

«Ռադիոյից կտրվել, ձանձրանալ հնարավոր չէ, լինեմ մենակ թե գործընկերներիս հետ: Որ գալիս եմ ռադիո, տուն գնալ չկա, մնում եմ այստեղ, մանավանդ, եթե Լիլիթն էլ տանը չի լինում: Այստեղ ամեն ինչն եմ սիրում՝ պատերն էլ, տեխնիկան էլ»,- ասում է Վոլոդյան:

«Որևէ ունկնդիր, նույնիսկ մեր տան անդամները չեն հասկանում, թե ինչ է մեզ համար ռադիոն: Ինչքան ուժ, ներշնչանք է տվել, մեզ հետ տխրել, արտասվել, մեզ հետ դժվարություններ հաղթահարել: Երբ կյանքում ոչինչ չի օգնել, մեզ օգնել է ռադիոն, այս 4 պատը»,- Վոլոդյային լրացնում է Լիլիթը:

Առաջին լուսանկարում Լիլիթի ու Վոլոդյայի որդին է՝ Ալենը:

Մեկնաբանություններ (1)

нелли
лилит я обожаю тебя и твоего сына, ты мое чудо!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter