
Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա. նախատեսվում են Բլինքեն-Ֆիդան բանակցություններ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիշերը ժամանել է Թուրքիա: Այդ մասին հայտնում է CNN-ը։
Բլինքենը Անկարա է ժամանել տեղի ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին)։ Ասիա ճանապարհորդությունից առաջ սա Բլինքենի վերջին կանգառն է։ Մինչ այդ նա Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էր։
Սպասվում է, որ առավոտյան կմեկնարկի Բլինքենի հանդիպումը թուրք պաշտոնատար անձանց հետ, իսկ քննարկման հիմնական թեման իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումն է։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 6-ին Անկարայում Բլինքենին կընդունի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի, նախատեսվում է կարծիքներ փոխանակել Գազայում տիրող իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Alaa Al Sukhni/Reuters
Մեկնաբանել