HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի քանդման ենթակա մանկապարտեզը ժամանակավոր վերաբացվել է արցախցիների համար

Սեպտեմբերի 27-ին ժամանակավոր բացվել են Արտաշատի 6-րդ մանկապարտեզի դռները բռնի տեղահանված 81 արցախցիների համար։ Մանկապարտեզն անցյալ տարի փակվել էր, քանի որ տեղում նոր մանկապարտեզ պետք է կառուցվեր: Տեղ-տեղ խունացած ու ճաքած պատերին մուլտֆիլմերի հերոսներ են։ 81 արցախցուց 46-ն արդեն գտել են բնակարաններ և տեղափոխվել, իսկ 35 հոգի` 15 անչափահաս և 20 մեծահասակ դեռեւս բնակվում են այստեղ, բայց նրանք էլ բնակարանի փնտրտուքի մեջ են:

«Մանկապարտեզի տարածքն ամբողջությամբ տրամադրվել է արցախցիներին։ Մեծ դահլիճում  հագուստ է հավաքվում, գրեթե ամեն օր հագուստ են ստանում, մարդիկ գալիս են, ընտրում իրենց ինչ պետք է»,- պատմում է ժամանակավոր վերաբացված մանկապարտեզի տնօրենը` Կարինե Հարությունյանը։ 

Նրանք օգտվում են ընդհանուր խոհանոցից, սանհանգույց - լոգարանից, քնում են ընդհանուր սենյակներում։ Սնունդը ստանում են, սակայն իրենք են իրենց համար ճաշ պատրաստում, լվացք անում։

Պայմանները գոյատևման համար բավարար են, բայց մանկապարտեզում ապաստանած արցախցիները  իրենց հարմարավետ տների հիշողություններով ու կարոտով են ապրում։

Գոհար Գրիգորյանի ընտանիքը, Գոհարի տեգոր` Արցախի ընտանիքը ու տալոջ՝ Մելինեի ընտանիքը միասին 23 հոգի են։ 

Գոհարը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից է։ Սեպտեմբերի 19-ին Այգեստան գյուղում է եղել, ասում է, որ կանանց ու երեխաներին տեղահանել են մարտ ամսին` անվտանգության նկատառումներով։

«Հանկարծակի սկսվեց պատերազմը, տանն էի, էրեխեքը դպրոցից նոր էին եկել, փոքրս` մանկապարտեզում, ամուսինս դիրքերում էր, էրեխեքին վերցրի, իջանք նկուղ, մի քանի օր նկուղում մնացինք երեխեքի հետ, մինչև պատերազմը վերջացավ, վախենում էի բարձրանալ վերև: Ամուսինս, որ սաղ վերջացավ` եկավ դիրքերից, ջղայնացավ վրաս, թե ինչի եմ մինչև հիմա նկուղում մնացել, բարձրացրեց մեզ վերև»,- պատմում է Գոհարը:

Սեպտեմբերի 27-ին գնացել են Ստեփանակերտ` բարեկամի տուն, ալյուր են գտել ու լյոխաներ (հաց) թխել, ջուր են վերցրել ու ճանապարհ ընկել։

«2 օր ճանապարհ եկանք, ամսի 30-ին  հասանք Վայք, ամուսնուս ասեցի` քշի, գնանք Երևան, հրապարակում` մեքենայի մեջ կքնենք, մինչև տուն կգտնենք։ Բարեկամներս արդեն եկել էին, զանգեցին, ասեցին` մի գնացեք, եկեք ստեղ` Արտաշատ, մանկապարտեզոււմ ընդունում են։ Մենակ չենք եղել էս քանի օրը, մենակ էինք բլոկադայի օրերին, որ ուշադրության կարիք ունեինք, բայց…․»,- պատմում է Գոհարը։

«Հիմա մտքերս խառն են, չեմ կողմնորոշվում` ինչ անել, բայց դեռ ստեղ եմ մնալու, բայց, եթե իմանամ, որ Արցախում էլ ադրբեջանցի չկա` արդեն նորից մերն ա, անպայման պիտի հետ դառնամ։ Հույս եմ պահում, որ մի օր կասեն՝ լավ ա արդեն ամեն ինչ, վերադարձեք ձեր տները։ Ընդեղ համ ամուսնուս հոր գերեզմանն ա, համ իմ հոր գերեզմանը, մեր բարեկամների։ Էլի տունը մի ձև կանենք, բայց գերեզմանները չեմ պատկերացնում, որ մինչև կյանքիս վերջ չեմ կարա գնամ»,- ասում է Գոհարը։

Հոկտեմբերի  28-ին Արտաշատի պոլիկլինիկայում անվճար վիրահատել են Գոհարի սկեսրոջ` Ալվարդի մոր` 86-ամյա Ջուլիետայի ու հոր՝ 76-ամյա Ալեքսեյի աչքերը (յուրաքանչյուրինը՝ մեկ աչքը): Ալեքսեյը 2 անգամ ինսուլտ է տարել, առաջին անգամ խոսքի խնդիրներ են առաջացել, հիմա` աչքերի։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն 2-րդ աչքի վիրահատությունն իրենց միջոցներով պետք է անեն, ինչը հիմա անհնարին է։ Ջուլիետան նաև լսողության խնդիր ունի, Արտաշատի պոլիկլինիկայում խոստացել են ապարատն անվճար տրամադրել։ 

…..Գերդաստանը երկար չի կարող մնալ մանկապարտեզում, քանի որ այն ցանկանում են քանդել` նոր շենքի կառուցման աշխատանքները սկսելու համար։

«Կառավարությունը սահմանամերձ գյուղեր ա տալիս, չենք ուզում, չենք կարա, մենք սահմանից ենք էկել, էլի սահմանի բերան գնա՞նք»,- սրտնեղած ասում է Մելինե Հարությունյանի ամուսինը։

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, Գոհարի 6-հոգանոց ընտանիքը վարձով բնակարան է գտել Արտաշատ քաղաքում ու հոկտեմբերի 24-ին մանկապարտեզից տեղափոխվել է վարձով բնակարան։ Մելինեի ընտանիքը դեռ բնակարան է փնտրում։

Միլենա Ավետիսյան, Հետք Մեդիա գործարանի ուսանող

Գլխավոր լուսանկարում՝ Գոհարի դուստրը` Անգելինան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter