
ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայելին մատակարարել 320 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր ճշգրտության ռումբեր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է 320 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ բարձր ճշգրտության ռումբերի խմբաքանակ մատակարարել Իսրայելին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը Կոնգրեսին ծանուցում է ուղարկել այն մասին, որ պատրաստվում է Իսրայելին փոխանցել այդ սպառազինությունը։ Խոսքը Spice տեսակի ռումբերի մասին է, որոնք մշակվել են իսրայելական Rafael ընկերության կողմից։ Համաձայն պայմանավորվածության՝ Rafael USA կոնցեռնի դուստր ստորաբաժանումը սպառազինությունը կփոխանցի իր մայր ընկերությանը, որն էլ իր հերթին դրանք կմատակարարի Իսրայելի պաշտպանության բանակին։
Spice տեսակի ռումբերը կարող են խոցել մինչև 125 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, իսկ մարտական մասի քաշը, կախված մոդիֆիկացիայից, կարող է հասնել մինչև 907 կգ-ի։ Այս ռումբերն ունեն GPS-ի միջոցով ուղղության ավտոմատ ճշգրտման համակարգ։ Կոնցեռնից վստահեցնում են, որ այդ սպառազինությունը կարող է թիրախներ խոցել մինչև 3 մետր ճշգրտությամբ։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ կողմ էին քվեարկել հանրապետականների առաջարկած օրինագծին, որով Իսրայելին 14,3 միլիարդ դոլար օգնություն է հատկացվելու։
Լուսանկարը՝ AFP/Getty Images
Մեկնաբանել