HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում դեռևս նախագահական ընտրությունների ժամանակը չէ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ:

«Ես կարծում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ։ Եվ եթե պետք է վերջակետ դնել այս կամ այն քաղաքական վեճին և շարունակել աշխատել միայն միասնության մեջ, ապա պետության ներսում կան կառույցներ, որոնք ունակ են վերջակետ դնել և հասարակությանը տալ բոլոր անհրաժեշտ պատասխանները, որպեսզի հակամարտությունների և Ուկրաինայի դեմ օտարի խաղի համար տարածք չմնա»,- երկուշաբթի երեկոյան իր ուղերձում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ, «երբ կան բազմաթիվ մարտահրավերներ, բացարձակ անպատասխանատու է և թեթևամիտ՝ ընտրությունների թեման հասարակության մեջ շրջանառելը»։ Դա, ինչպես նշում է Զելենսկին, վերաբերում է իշխանության քաղաքացիական մարմիններին, պետության ռազմական հատվածին, Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնյաներին, Ուկրաինայի անվտանգության ծառայությանը և այլ իրավապահ մարմինների:

«Դա վերաբերում է նաև նրան, որ պետությանը շատ ավելի մեծ կենտրոնացում է պետք պաշտպանության վրա։ <...> Մենք պետք է որոշենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, ճակատամարտի ժամանակը, որից կախված է պետության և մարդկանց ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակը, որոնք Ուկրաինայից ակնկալում է միայն Ռուսաստանը»,- թեման եզրափակել է Զելենսկին։

Նախօրեին գրել էինք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին հանձնարարել է սկսել նախապատրաստվել 2024 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: «Իմ տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին որոշել է հաջորդ տարի նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա հանձնարարել է նախագահի գրասենյակին նախապատրաստվել ընտրություններին, որոնք նախատեսվում են 2024 թվականի մարտի 31-ին»,- Эспрессо հեռուստաալիքի եթերում հայտարարել էր պատգամավորը։

Նոյեմբերի 3-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Sky News հեռուստաալիքին հայտնել էր, որ Զելենսկին դիտարկում է 2024 թվականի գարնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերին, սակայն ռազմական դրության պայմաններում դրանք չեն կայացել։

Ուկրաինայի օրենքներն արգելում են նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։ Սակայն Արևմուտքը պնդում է, որ դրանք պետք է անցկացվեն նախատեսված ժամկետներում։ Այդ հարցում Զելենսկու հռետորաբանությունը որոշ չափով փոխվել է։ Իր հարցազրույցներից մեկում նա հավանական է համարել ընտրություններն անցկացնել ռազմական դրության ժամանակ, եթե Արևմուտքը վճարի դրա համար։

Լուսանկարը՝ HANDOUT / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter