HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված մեծ հրամանատարի մահվան տարելիցին

Այսօր` ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան փողոց, 2) տեղի կունենա «Անկախության Բանակ» և «Ազատագրական Բանակ» ռազմական զույգ կառույցների գլխավոր հրամանատար, ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ կայքէջի (www.leonid.am - www.azgaldyan.am) շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի ազգային հերոսի կյանքը և մարտական ուղին նկարագրող ֆիլմ, ելույթ կունենան Ազգալդյանի համալսարանական և ռազմական ընկերները, կհնչեն ազգային-ազատագրական երգեր և բանաստեղծություններ:

Այս տարվա հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին կլրանա ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ նախատեսվում է իրականացնել միջոցառումներ և կյանքի կոչել մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` կազմակերպել ծննդյան 70-ամյակին նվիրված տոնակատարում, դասախոսությունների շարք սահմանամերձ շրջաններում, համալսարաններում, դպրոցներում, զորամասերում Ազգալդյանի կյանքի և մարտական ուղու մասին, նպաստել հայաստանյան լրատվամիջոցներում ազգային հերոսին նվիրված հաղորդումների, հրապարակումների ցուցադրմանը, աջակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին ներկայումս նկարահանվող ֆիլմի ստեղծմանը և նրա կյանքն ու գործունեությունը պատմող կենսագրական գրքի լույսընծայմանը և այլն: 

Կենսագրություն 

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter