HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկամսյա սոցիալական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայաստանի կառավարության նոյեմբերի 9-ի նիստում հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Կարևոր դիտարկում՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով կներկայացվի մեկանգամյա դիմում՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Առաջարկվում է վճարումներն իրականացնել բանկերի միջոցով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ քարտային հաշիվներ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող շահառուների համար ընտրված բանկերի միջոցով ապահովել քարտերի թողարկումը և շահառուի բնակության վայր առաքումը։ Որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 10 միլիարդ դրամ:

Վարչապետը հետաքրքրվել է նաև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի ընթացքից, որի վերաբերյալ Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել: «Միանվագ աջակցության ծրագրի շրջանակում 104 200 անձի արդեն վճարումն իրականացված է, նրանցից չափահաս է 75 725-ը, անչափահաս՝ 28 475-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ որոշ տվյալներ դեռևս գտնվում են մշակման փուլում:

Կառավարության որոշմամբ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 500 մլն դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Գումարը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Միջոցառման շրջանակում շահառուներին կցուցաբերվի սոցիալական աջակցություն՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: ՀՀ պետբյուջեից արդեն հատկացվել է 4.45 մլրդ դրամ՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել բոլոր շահառուներին տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շահառու չհանդիսանալու հարցը՝ միաժամանակ սահմանելով վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության ստացման մեխանիզմներ։

Մեկնաբանություններ (1)

Հունան
Շնորհակալություն աջակցության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter