HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինտոներ, փախչող սիրեկաններ և արհեստական բանականություն

Երևանում Նկարիչների տան շենքի՝ ցուցահանդեսի սրահի վերածված բնակարաններից մեկի մեջտեղում փռված է սուփրա սեղան, վրան՝ հյուրասիրություն։ 

Աջ պատից գրկախառնված վրացի կինտոները նայում են ցուցահանդեսի այցելուներին: Առաջին հայացքից թվում է, թե կինտոների այս նկարներն արխիվային են, բայց իրականում դրանք ստեղծված են արհեստական բանականության օգնության միջոցով։

Վրացի արվեստագետ Դավիթ Ապակիձեն իր այս աշխատանքը ստեղծել է համացանցում կինտոների նկարներն ու նրանց մասին տեքստերը արհեստական բանականության հետ համադրելու միջոցով։

Կինտոները պատկերված են իրենց բնական միջավայրում՝ Թբիլիսիի առևտրային վայրերում ու փողոցներում։ Սակայն արվեստագետը ներկայացնում է նրանց ոչ միայն որպես Թբիլիսիի փողոցային էկզոտիկ խմբեր, այլ որպես մարդիկ, որոնք, ապրելով Թբիլիսիում, սիրել են իրենց քաղաքը, երբեմն էլ՝ միմյանց։

Կինտոները վրացական ռեստորաններում՝ դուքյաններում զվարճացրել են մարդկանց։ Կինտոների մշակույթը ծաղկում է ապրել 19-րդ դարի Թբիլիսիում, սակայն անհետացել է Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Ըստ որոշ հետազոտությունների, նույնասեռականությունը բավականին տարածված էր կինտո համայնքի շրջանում, եւ այս մարգինալացված խմբի սեռական կյանքը հանդուրժվում էր հասարակության կողմից։

Ցուցահանդեսի համադրող և արվեստագետ Գիորգի Ռոդիոնովն ասում է, որ շատերը մինչ օրս չգիտեն կինտոների մշակույթի այս կողմի մասին։ Նա ցուցահանդեսի այցելուներին տեղեկացնում է, որ կինտոների և այլ խմբերի շատ պատմություններ ժամանակի ընթացքում ջնջվել կամ վերափոխվել են, այդ թվում՝ նաև գաղութատիրական քաղաքականության հետեւանքով։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն անդրադառնում են թվային տեխնոլոգիաների, ապագաղութացման և պատմության վերափոխման հատման կետին։ Թվային դարաշրջանում պատմությունն այլևս միայն պատմաբանների կամ հաստատությունների մենաշնորհը չէ։ 

Օգտատերերի ստեղծած բովանդակության, թվային արխիվների և համատեղ ստեղծվող պատմությունների միջոցով  ցուցահանդեսի հեղինակներն ուսումնասիրում են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները հնարավորություն տալիս անհատներին և համայնքներին վերաշարադրել պատմությունը բազմազան և հարազատ տեսանկյուններից:

Ցուցահանդեսում ներկայացված մեկ այլ աշխատանք բաղկացած է երկու նամակից և հին, անգույն լուսանկարից։

Ձաձայի նամակն իր սիրելիին.

«Սիրելիս,
Ես այնքան սիրով եմ հիշում մեր վերջին հանդիպումը։ Ես այնպես համակված էի հաճույքով, որ գիտակցաբար ուզում էի փակել աչքերս և կոպերիս վրա նորից նկարել այն տեսարանը, որում մենք ենք…. Իմ ընկերները պատրաստ են մեր օրվան, այսօր ես կազմակերպել եմ ատրճանակի ու փամփուշտների ձեռք բերումը, անհամբեր սպասում եմ այն պահին, երբ օդում կլսեմ կրակոցները, որոնք կհայտարարեն աշխարհին, որ հիմա մենք միասին ենք»։

Ձաձային պատասխանում է իր սիրելին.

«Իմ արևի լույս,
….Ես ժպտում եմ, մտածում եմ՝ ո՞վ է փախցնում։ Ե՞ս եմ քեզ փախցնում, թե՞ դու ես ինձ փախցնում։ Բայց սա մեր երկուսի ձեռքերն են նույն բարձրության վրա, սա ուժ է, որը մենք կկիսենք մինչև կյանքի վերջ»։

Ցուցահանդեսի համադրող Գիորգի Ռոդիոնովն ասում է, որ աբխազ արվեստագետ Սալինա Աբազան իր  աշխատանքով անդրադառնում է մեր տարածաշրջանում ընդունված «հարսնացու փախցնելու» երևույթին և վերաիմաստավորում է այն։ 

«Մենք տեսնում ենք, որ աղջիկ փախցնելը ոչ միայն հայրիշխանական երևույթ է և ոչ միշտ է, որ այն բռնության մասին է։ Այս աշխատանքում երկու հերոսուհիները փախնում են միասին և դա դիմադրության ձև է, այստեղ լղոզվում է սահմանը, թե ով ում է փախցնում»,-պատմում է Գիորգին։ Հերոսուհիների լուսանկարը նույնպես ստեղծված է արհեստական բանականության միջոցով։

Ըստ Գիորգիի, այս ցուցահանդեսին մասնակցելը մեծ ռիսկ է արվեստագետի համար։ «Նա Աբխազիայից է, և ստացվում է, որ վրացի արվեստագետների հետ մասնակցում է միևնույն ցուցահանդեսին, այն էլ՝ այնպիսի թեմայով, որը մարտահրավեր է պատմության մասին կարծրացած պատկերացումներին և, մեղմ ասած, չի ընդունվում մեր մշակույթներում»,-ասում է Գիորգին։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գենադի Աղաջանյանի և Պարի Բանու Ասգարի աշխատանքները։ 

«Վերծանում» ցուցահանդեսում ներկայացված են չորս հարավկովկասցի արվեստագետների աշխատանքներ։ Այն բաց է հանդիսատեսի համար մինչև նոյեմբերի 12-ը, «Ստուդիո 20»-ում։

Լուսանկարները՝ Սամսոն Մարտիրոսյանի, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter