HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական դպրոցն Իրանում մարտահրաւէրի առջև է կանգնած

Սևան Պետրոսեան

Հայելին յունիսի 11-ին, 12-ին և 13-ին հարապարկել էր երեք գրութիւն Թեհրանի Մարի Մանուկեան դպրոցի իրավիճակի մասին: Դրանցից վերջինում ներկայացւած էր նաև Թեմի Կրթական խորհրդի հետ զրոյցի ընթացքում ստացւած տեղեկութիւնը, ուր համատեղ, փոխհամաձայնեցւած լուծում գտնելու մասին էր խօսւում: Դրան յաջորդեց հայաստանեան ու իրանահայ լրատւամիջոցներում հրապարակւած «ԴաշնակցականներըԻրանումփորձումենխլելՀ.Բ.Ը.Մ.-իաշխատողդպրոցները» նամակը ուսուցչուհի Ա. Յովհաննիսեանի անունից, ուր հնարաւոր բոլոր սադրանքները փնտրել ու գտնելուց յետոյ, եզրակացնում էր, որ նպատակը միմիայն դպրոցները ենթակայ դարձնելն է:

Իրանահայ ու թերևս Միջին Արևելքի համայնքներից հայերի արտագաղթի, մասամբ նաև դրա արդիւնքում, հայկական դպրոցների իրավիճակի, հայապահպանութեան, Հայաստանի անկախութեան հետ, արդէն իսկ 20 տարի շարունակւող, ռեսուրսների ու ընդհանուր մտայնութեան ուղղորդման անորոշութեան և այլ խնդիրների մասին նոր չէ խօսւում, գոնէ հէնց համայնքների ներսում:

Իսկ եթէ այդ մասին հայաստանեան մամուլում, Սփիւռքի նախարարութիւնում կամ այլուր անդրադարձներ չկան, ապա դա նախ մեր՝ սփիւռքի ու յատկապէս լրատւամիջոցների բացթողումն է, յետոյ՝ հայաստանեան լրատւամիջոցներինը, ովքեր սփիւռքի խնդիրները ներկայացնելու ծրագիր ու համակարգ չունեն, և իհարկէ նաև Հայաստանի իշխանութեանը, ում՝ խնդիրները անտեսելու կամ կոծկելու, «ամէն ինչ լաւ է» մօտեցումները յաճախ անարդիւնաւէտ են ու վնասակար:

Այս գրութեամբ, յոյսով ենք, առիթ կտանք յատկապէս մեր հայաստանեան գործընկերներին՝ ներկայացնելու հարցի իրական պատկերը և հնարաւորինս խուսափելու, իր ժամանակն ապրած, ձևերով կիսա-անձնական հարցեր լուծելու միջոց դառնալուց:

Նախ հէնց եզրակացութեան մասին. այսօր դպրոցի ենթակայութիւնը  ոչինչ չի փոխում համայնքի կամ մարդկային ու նիւթական ռեսուրսների սղութեան հետ ամենօրեայ պայքարի մէջ ապրող դպրոցների, միութիւնների, այլ կառոյցների կեանքում: Եթէ յանուն այդ ենաթակայութեան ներհամայնքային մրցակցութիւն է ընթացել սրանից շատ առաջ, երբ համայնքում գործող հոսանքները քաղաքական պայքար էին մղում, ապա այսօր այն առաւել քան անիմաստ է ու նշւած, առանց այդ էլ սուղ, ռեսուրսների անտեղի վատնում: Պարզից էլ պարզ է, որ դպրոց ունենալն ու պահելը, ի տարբերութիւն անցեալի, ոչ այդքան քաղաքական հեղինակութեան ու կշռի գրաւական է, ինչքան լուրջ պատասխանատւութիւն է, ծախս և մտահոգութիւն: Եւ սփիւռքի այսօրւայ պայմաններում նման «պայքարը»՝ դաշնակցական, հբըմ-ական կամ այլ խմբի կողմից, միայն մաշեցնող ու անօգուտ է:         

Իրականում իրանահայ դպրոցների մեծ մասը լուրջ մարտահրաւէրի առջև են կանգնած. նոսրանում է աշակերտների թիւը նախ արտագաղթի ու նաև յատկապէս վերին դասարաններում դէպի ոչ-հայկական դպրոցներ հոսքի պատճառով: Դրա աւելի խորը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, հոգեբանական, պատճառները աւելի լուրջ ուսումնասիրման կարօտ են: Բայց դրա հետևանքը համալսարանների առաւել դժւարանցանելի մուտքի քննութիւններում յաջողելուց բացի (ինչն ի դէպ գոնէ թւային առումով հերքւում է Թեմի Կրթական խորհրդի ներկայացրած վիճակագրութեան մէջ) նաև այն է, որ երեխաները զրկւում են շաբաթական մի քանի ժամ հայերէնի դասաժամերից ու ամենակարևորը՝ հայկական դպրոցի առաջարկած հայկական միջավայրից:

Հիմա, Թեհրանում գործող երեք օրիորդաց միջնակարգ (աւագ) դպրոցները, կամ նրանցից երկուսը՝ Մարի մանուկեանը և Թովմասեանը, նման իրավիճակի առջև են կանգնած ու տարեց տարի նւազում է երեխաների թիւը (դա այն դէպքում, երբ արտագաղթի հոսքը, ժամանակաւոր նւազել էր վերջին 1-2 տարում):

Ցաւալի ու սթափեցնող պիտի լինի աշակերտների թւի նւազումն ու դրա արդիւնքում դպրոցի փակւելը, բայց յատկապէս ցաւալի է, երբ այս ճակատագրին կարող է արժանանալ մեր համայնքի լաւագոյն դպրոցներից ու օրիորդաց երեք միջնակարգներից մէկը:

Աւելի պարզ լինելու համար նշենք միայն, որ, ըստ Կրթական խորհրդի, 2009-2010 ուսումնական տարում օրիորդաց միջնակարգ երեք դպրոցներում առաջին միջնակարգ յաճախած 199 երեխաներից յաջորդ տարի երկորդ միջնակարգը շարունակել են միայն 159-ը, իսկ երրորդը՝ 148-ը:

2010-2011 ուսումնական տարում առաջին միջնակարգը աւարտած 141 աղջիկներից, յաջորդ ուս. տարին այդ երեք հայկական դպրոցում շարունակել են ընդամէնը 105-ը: Ի դէպ, այս թւում Մարի Մանուկեան դպրոցը լքածների թիւը կազմում է 29, Թովմասեան դպրոցինը՝ 17, որոնց մի մասը, բարեբախատաբար, կարծես, տեղափոխւել է Մարիամ հաստատութեան դպրոցը, ուր աշակերտների թիւն աճել է 10-ով: Իսկ մնացեալը՞...

Այ, այստեղ է խնդիրը, յարգելի ուսուցչուհի, կը կամենաք ընդունել, թէ ոչ, այս մասին արժէր մտահոգւել:

Զարմանալի է, որ նամակի հեղինակ օրիորդ Ա.-ն  (մենք այդպէս ենք դիմում ուսուցչուհիներին), որը պիտի կամ կարող էր հեշտութեամբ ստանալ վերը նշւած տեղեկութիւնները, Կրթական խորհրդից, իր գործընկերներից կամ Հ.Բ.Ը.Մ.-ից, այս հարցին ուշադրութիւն չի դարձրել, կամ չի փորձել ենթադրել, որ կարող է և յօդւածների երկու հեղինակները մտահոգութիւն են յայտնում Թեհրանի հայկական դպրոցներից մէկի իրավիճակի շուրջ՝ ուշադրութիւն հրաւիրելու և հանրութեանը տեղեկացնելու նպատակով:   

Եւ' Մարի Մանուկեան, և' Թովմասեան, և' մեր բոլոր դպրոցները, նրանց խնդիրները մեր ու կարծում ենք, որ իւրաքանչիւրի մտահոգութեան առարկան պիտի լինի: Ու անկախ նրանից, թէ այդ դպրոցը «ումն» է, մենք շարունակելու ենք գրել այդ մասին:

27 յունիս, 2012
Թեհրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter