
Դանակահարություն՝ խնջույքից հետո. սամբիստի վիճակը կայուն է
Գիշերը`ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ Լաերտ Ավագյանը`մարմնական վնասվածքներով և կրծքավանդակի աջ կեսի շրջանում ծակած-կտրած վերքով: Ցուցաբերվել է վիրաբուժական առաջին օգնություն, տրվել նախնական ախտորոշում, այնուհետև հարազատների պահանջով տուժողը շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Ինչպես «Հետքին» փոխանցեց ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը, «դեպքը տեղի է ունեցել ծննդյան արարողությունից» հետո: Նրա խոսքով՝ տուժողը դժվար թե սթափ վիճակում եղած լինի: Բայց միաժամանակ նշեց, որ Լ. Ավագյանի մոտ դանակ կամ այլ զենք չի հայտնաբերվել:
Բաժնի պետի փոխանցմամբ`դանակահարող անձը հայտնաբերված չէ: Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Ինչ վերաբերում է մամուլով տարածված տեղեկատվությանը, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 20 հոգու միջև վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում, Թ. Շուշանյանն ասաց, որ նշված 20-ի վերաբերյալ տեղեկատվություն չունի: Լաերտ Ավագյանը հանրապետական և միջազգային կարգի սամբիստ է:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյանը «Հետքին» փոխանցեց, որ գիշերը հիվանդանոց ընդունված Լաերտ Ավագյանի վիճակը բավականին կայուն է: Բժշկի խոսքով`արդեն հաստատված է ախտորոշումը`թափանցող վերք սրտի միջնորմի շրջանում: Այլ մանրամասներ բաժանմունքի վարիչը խուսափեց հայտնել, քանի որ, նրա խոսքով, «դատական գործ է, և այն քննվում է ներքին օղակներում»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել