Իրանի նախագահը հայտարարել է Գազայի հատվածի ռմբակոծության դադարեցման անհրաժեշտության մասին
Գազայի հատվածի ռմբակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, շրջափակումը պետք է վերացվի, և օգնության ուղարկման ուղիները պետք է բացվեն։ Այդ մասին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որտեղ նա կմասնակցի Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ժամանակ իսլամական աշխարհը միասնական դիրքորոշում կարտահայտի Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Այսօր իսլամական երկրների միասնությունը շատ կարևոր է։ Գազան լոկ բառերի տեղ չէ, այն պետք է լինի գործողությունների վայր: Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի բարբարոսական գործողությունները ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են։ Պաղեստինի հիմնախնդիրը իսլամական ումմայի (համայնքի-խմբ.) և աշխարհի մուսուլմանների գլխավոր հիմնահարցն է։ Գազայի հատվածի ռմբակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, շրջափակումը պետք է վերացվի, և օգնության ուղարկման ուղիները պետք է բացվեն»,- Ռայիսիի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։
Ըստ Իրանի նախագահի՝ ԱՄՆ-ն Իրանին և մի շարք այլ երկրների անընդհատ ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ պատերազմի մասշտաբները չպետք է ընդլայնվեն, բայց այդ հայտարարությունը չի համապատասխանում Ամերիկայի գործողություններին։ «Ամերիկան արգելափակել է Գազայում հրադադարն ու ընդլայնում է պատերազմի մասշտաբները»,- հավելել է Ռայիսին։
Լուսանկարը՝ The Guardian-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել