HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանի ընդդիմադիր երեք կուսակցությունները կոալիցիա են ստեղծել ու կկարողանան կառավարություն ձևավորել

Լեհաստանի ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ «Քաղաքացիական կոալիցիայի», «Երրորդ ուղու» և «Նոր ձախերի» ներկայացուցիչները Սենատում ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր։ Այդ մասին հայտնում է լեհական Rzeczpospolita-ն։

Նշվում է, որ կոալիցիոն համաձայնագիրը բաղկացած է 24 կետից և շոշափում է «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության պատասխանատվության, ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության հարցերը:

Ներկայացվել են նաև Սեյմի և Սենատի խոսնակների պաշտոնների թեկնածուների անունները: Սեյմի խոսնակ կարող է դառնալ «Լեհաստան 2050» կուսակցության առաջնորդ Շիմոն Հոլովնյան։ Վարչապետի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական կոալիցիայի» նախագահ Դոնալդ Տուսկի թեկնածությունը: Այժմ արդեն Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պետք է ընդդիմությանը հանձնարարի ձևավորել նոր կառավարություն։

«Այսուհետ մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր երկրի և առաջիկա տարիների համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տուսկը։

Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք շատերը անվանում էին «երկրի պատմության ամենակարևոր ընտրությունները», կայացել էին հոկտեմբերի 15-ին։ 

Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը հավաքել էր ձայների 36 %-ից մի փոքր ավելին։ Դա բավարար չեղավ նույնիսկ «Համադաշնություն» կուսակցության հետ ձևավորել կառավարություն, որին աջակցել էր ընտրողների մոտ 8 %-ը։ Ընդդիմադիր երեք կուսակցությունները միասին ստացել էին ձայների գրեթե 54 %-ը։

Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 73,37 %-ը, ինչը ռեկորդային էր Լեհաստանի համար՝ 1989 թվականից հետո։

Լուսանկարը՝ PAP/Marcin Obara

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter