
Մակրոնի պնդմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում քաղաքացիական անձանց ուղղությամբ հարվածներն արդարացում չունեն
Գազայի հատվածի տարածքին հարվածներ հասցնող իսրայելական բանակի գործողությունները, որոնց ընթացքում սպանվում են մեծ թվով քաղաքացիական անձինք, լեգիտիմ չեն և չունեն արդարացվում: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Փաստացի հիմա ռմբակոծում են խաղաղ բնակիչներին։ Այդ երեխաները, կանայք և ծերերն ապրում են կրակի տակ և զոհվում։ Դրա համար պատճառներ չկան, տեղի ունեցողը լեգիտիմ չէ։ Ուստի մենք Իսրայելին կոչ ենք անում կանգ առնել»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ ինքը դատավոր չէ, որ խոսի այն մասին, թե արդյոք Իսրայելի պաշտպանության բանակը խախտում է պատերազմի օրենքներն ու սովորույթները։
Մակրոնի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային հումանիտար իրավիճակից «այլ ելք չկա, քան նախ հայտարարել հումանիտար դադարներ, իսկ հետո դադարեցնել կրակը՝ պաշտպանելու <...> բոլոր այն խաղաղ բնակիչներին, որոնք ոչ մի կապ չունեն ահաբեկիչների հետ»:
Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ իր կոչին կաջակցեն արևմտյան այլ առաջնորդներ ևս, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը:
«Մենք առաջին օրվանից խոսում էինք այն մասին, որ Իսրայելի պատասխան գործողությունները և նրա կողմից ահաբեկչության դեմ պայքարի միջոցները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին, քանի որ խոսքը ժողովրդավարական պետության մասին է»,- հավելել է Ելիսեյան պալատի առաջնորդը։
Մակրոնը հատուկ ընդգծել է, որ դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումը Իսրայելի տարածքի վրա և անհրաժեշտ է համարում ահաբեկչության դեմ պայքարը: Նրա խոսքով՝ «միջին և երկարաժամկետ հեռանկարում Իսրայելի անվտանգության ապահովման համար կարևոր է ընդունել, որ բոլոր կյանքերը նշանակություն ունեն»:
Մակրոնի հայտարարությանն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ դրա մեղավորն Իսրայելը չէ, այլ ողջ պատասխանատվությունը ՀԱՄԱՍ-ի վրա է։
Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP
Մեկնաբանել