ՀԴԲ-ն առգրավել է Նյու Յորքի քաղաքապետի սարքավորումները. նա կասկածվում է նաև Թուրքիայի հետ կապի մեջ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսից առգրավել են էլեկտրոնային սարքավորումներ՝ կոռուպցիոն կապերում նրա հնարավոր ներգրավվածության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների տեղեկություններով՝ երկուշաբթի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները փողոցում մոտեցել են Ադամսին ու, խնդրելով քաղաքապետի թիկնապահներին մի կողմ քաշվել, նրանից առգրավել են էլեկտրոնային սարքեր՝ առնվազն երկու հեռախոս և մեկ iPad։
«Որպես իրավապահ մարմինների նախկին աշխատակից՝ ես ակնկալում եմ, որ իմ բոլոր աշխատակիցները կհետևեն օրենքին և լիովին կհամագործակցեն հետաքննության հետ: Ես կշարունակեմ նույնը անել»,- դեմոկրատ քաղաքապետի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Նյու Յորքի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ինքը «թաքցնելու բան չունի»։
Ավելի վաղ ՀԴԲ-ն խուզարկություն էր իրականացրել Բրիանա Սագսի տանը, որը 2021 թվականին պատասխանատու էր Ադամսի նախընտրական քարոզարշավի միջոցների հավաքագրման համար։ Իրավապահները կասկածում են, որ Ադամսը կարող էր ապօրինի նվիրատվություններ ստանալ, այդ թվում՝ թուրքական իշխանությունների ներկայացուցիչներից:
Լուսանկարը՝ Bess Adler / Bloomberg via Getty Images file
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել