
Դատավոր Աշոտ Հովհաննիսյանը չի պարզաբանում, թե իրեն որտեղից խոշոր չափի գումար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում խոշոր չափի կանխիկ գումար է նշել: Փորձեցինք պարզել, թե որտեղից նրան այդքան գումար: Աշոտ Հովհաննիսյանի նիստերի քարտուղարը, լսելով հարցը, զարմացավ, որ նման հարցով ենք զանգել. «Դուք վատնում եք դատարանի ժամանակը»:
Դատավոր Աշոտ Հովհաննիսյանը գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի 2022թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է մոտ 26 մլն դրամ եկամուտ: Սակայն բանկային հաշիվներում եղել է 685 հազ. դրամ: Փոխարենը շատ են դատավորի կանխիկ դրամական միջոցները՝ 106 հազ. ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազ. եվրո:
2021թ. հայտարարագրում արտացոլվել է գրեթե նույն կանխիկ գումարը՝ 100 հազ. 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազ. դրամ և 15 հազ. 100 եվրո: Դարձյալ քիչ է եղել բանկային հաշիվներում պահվող գումարը՝ մոտ 187 հազ. դրամ և 4 հազ. դոլար:
Դատավորն ունի նաև հանձնած փոխառություններ. «Միկշին» ընկերությանը հանձնել է 39 մլն 421 հազ. դրամ, որը հավանաբար բնակարան ձեռք բերելու գումարն է: Ֆիզիկական անձի ևս փոխառություն է հանձնել՝ 10 մլն դրամ և 12 հազ. դոլար:
2021թ. դատավորը վաճառել է Արաբկիր համայնքում գտնվող մեկ տարի առաջ գնած իր բնակարանը և ավտոկայանատեղին՝ ընդհանուր մոտ 64 մլն դրամ արժեքով: Սակայն, ուշագրավն այն է, որ ունեցած կանխիկ գումարներն այդ վաճառքի հետ կապ չունեն: Մինչ այդ էլ դատավորը գրեթե նույնքան կանխիկ գումար է ունեցել:
Աշոտ Հովհաննիսյանը դատավորի կարիերան սկսել է 2021թ. սեպտեմբերից, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն, մեկ տարի անց՝ 2022թ. նոյեմբերին, Աշոտ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մինչ դատավորի կարիերա սկսելը Ա. Հովհաննիսյանը 2009-2011թթ. եղել է մասնավոր ընկերությունների իրավաբան, 2011-2019թթ-ին՝ դատավորի օգնական, իսկ 2019-2021թթ-ին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ավագ իրավախորհրդատուի պաշտոնում:
Հավանաբար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում աշխատելու ժամանակահատվածում դատավոր Աշոտ Հովհաննիսյանը գնել է պարտքային արժեթղթեր, որը 2021թ-ին կազմել է մոտ 16 մլն դրամ, իսկ 2022թ-ի վերջին՝ 4 մլն դրամ:
Դատավորի կինը՝ Սյուզաննա Հովհաննիսյանն աշխատում է ճանապարհային ոստիկանությունում։ Նա ևս խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել։ 2022թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ս. Հովհաննիսյանն ունի մոտ 17 մլն դրամ և 60 հազ. 300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։
Հայտարարագրած գումարների, հատկապես՝ կանխիկ գումարի մասով փորձեցինք պարզաբանում ստանալ դատավոր Աշոտ Հովհաննիսյանից: Զանգահարեցինք աշխատակազմ, սկզբում գործավարին, այնուհետև նիստերի քարտուղար Վահագն Զոհրաբյանին փոխանցեցինք հարցը, որպեսզի դատավորին հարցնեն, թե որտեղից նրան այդքան կանխիկ գումար:
Վահագն Զոհրաբյանը մոտ 5 րոպե հեռախոսով զարմանքն էր արտահայտում, թե ինչու ենք այդ հարցով աշխատակազմ զանգել: Հետո ասաց, թե նման պրակտիկա չկա, որ աշխատակազմին զանգեն դատավորի հայտարարագրի հետ կապված: Հարցրինք՝ իսկ ուրիշ ի՞նչ տարբերակով կարող ենք դատավորի հետ կապ հաստատել, եթե ոչ աշխատակազմի՝ խնդրելով հարցը փոխանցել դատավորին և պատասխանը մեզ հայտնել:
«Գիտե՞ք՝ մեզ օրական քանի հոգի ա զանգահարում, մեր գործը թողած… Չեղավ հարգելիս, դուք հիմա զանգահարել ու դատարանի ժամանակն անհարկի վատնում եք, այնինչ այդ ժամանակը կարող ենք օգտագործել քաղաքացիների իրավունքն իրացնելու համար: Ցտեսություն»,- ասաց դատավորի նիստերի քարտուղարն ու անջատեց հեռախոսը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել