
Նեթանյահուն հրաժարվել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Մահմուդ Աբասի վարչակազմին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերն ավարտել են Գազայի շրջափակումը:
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում։ Ահաբեկիչների համար թաքնվելու ապահով տեղ չի մնացել<...> Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին և կփրկենք մեր պատանդներին»,- նոյեմբերի 11-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտա անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: «ՀԱՄԱՍ-ը ապառազմականացվելու է։ Իսրայելի համար Գազայի հատվածից այլևս սպառնալիքներ չեն լինի։ Եվ դա երաշխավորելու համար ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը-խմբ.) կվերահսկի Գազայի անվտանգությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի այնտեղից ահաբեկչությունը կանխելու համար»,- հայտարարել է նա։
Վարչապետը նաև դեմ է արտահայտվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ազգային վարչակազմին փոխանցելու գաղափարին, որը ղեկավարում է Մահմուդ Աբասը: Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ Պաղեստինի առաջնորդը մինչ օրս չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:
«Այնտեղ չի լինի քաղաքացիական իշխանություն, որը սովորեցնում է իր երեխաներին ատել Իսրայելին, սպանել իսրայելացիներին կամ ոչնչացնել Իսրայելին: Չի կարող լինել իշխանություն, որը վճարում է մարդասպանների ընտանիքներին: Չի կարող լինել իշխանություն, որը 30 օր անց չդատապարտեց կոտորածը (ի նկատի ունի հոկտեմբերի 7-ի հարձակումը-խմբ.)։ Պետք է լինի այլ բան, բայց ամեն դեպքում մեր անվտանգության վերահսկողության տակ: Ես կանգնած եմ դրա վրա և չեմ պատրաստվում հանձնվել»,- ընդգծել է Նեթանյահուն։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի վրա, որի հետևանքով սպանվեց 1200 մարդ և գերեվարվեց ավելի քան 200 պատանդ։ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, իսկ հոկտեմբերի վերջին ՑԱԽԱԼ-ը մտավ պաղեստինյան տարածք։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 11 հազար մարդ։
Լուսանկարը՝ Maya Alleruzzo/Pool via REUTERS/File Photo
Մեկնաբանել