HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ամփոփվեցին «Փաստացի-2023» լրագրողական մրցույթի արդյունքները

InFact/Փաստացի հարթակի շրջանակում «Հետք»-ը արդեն երկրորդ անգամ կազմակերպել էր փաստերի ստուգմանն առնչվող լրագրողական նյութերի մրցույթ, որի նպատակը փաստերի ստուգման դերի արժևորումն ու իրենց հրապարակումներում փաստերի ստուգում կատարող լրագրողների խրախուսումն է: Նոյեմբերի 10-ին ամփոփվեցին «Փաստացի-2023» մրցույթի արդյունքները։ 5 հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրին նախապես ներկայացված հայտերից ընտրել էր 3 հաղթող, որոնք արժանացան դրամական պարգևների. 1-ին տեղ՝ 200 հազ. դրամ, 2-րդ տեղ՝ 150 հազ. դրամ, 3-րդ տեղ՝ 100 հազ. դրամ: 

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Ինֆոքոմ»-ի լրագրող Միլենա Խաչիկյանը՝ «Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես» նյութի համար։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սևադա Ղազարյանը Փաստերի ստուգման հարթակում հրապարակած «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» հոդվածի համար։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Ինֆոքոմ»-ի թղթակից Հայարփի Բաղդասարյանը՝ «Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան» նյութի համար:

Բացի հիմնական մրցանակներից, ժյուրին առանձնացրել էր հատուկ մրցանակ՝ 100 հազ. դրամ պարգևատրմամբ և երկու խրախուսական մրցանակ:

Հատուկ մրցանակ ստացավ alttv.am-ի լրագրող Անժելա Ստեփանյանը՝ «Արմավիրի մարզի խմելու ջրի որակը դուրս է մնացել հսկողությունից» նյութի համար։

Խրախուսական մրցանակի արժանացան «Ինֆոքոմ»-ի թղթակից Մարգարիտա Ղազարյանը՝ «Հայտարարությունները՝ ռուսերեն, գինը՝ դոլարով, ապրելավայրը՝ մորքուրի տուն․ անշարժ գույքի շուկան՝ թվերով» և factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը՝ ««Ասֆալտ սիրողները»․ ինչպես են պետբյուջեի բազմամիլիոնանոց գնումները շահում ներկա եւ նախկին պաշտոնյաները» նյութերի համար։

Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում՝ «Փաստերի ստուգումը պատերազմական իրավիճակներում» և «Փաստերի ստուգման դերը քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարում» թեմաներով:

Քննարկման մասնակիցները ներկայացրին այն հիմնական մարտահրավերները, որոնց առնչվել են փաստեր ստուգող լրագրողները Արցախի 44-օրյա պատերազմի լուսաբանման ժամանակ։

«Շատ դժվար է հետևել մի պատերազմի, որն ընթանում է քո երկրում, լինել սթափ, զերծ՝ հույզերից, բայց դա այն է, ինչ պահանջում է մեզնից մեր աշխատանքը»,- նշեց «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման բաժնի խմբագիր Անի Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում պաշտոնական տեղեկատվությունը քիչ էր, այդ ժամանակ մարդիկ սկսել էին սպառել Ադրբեջանից եկող տեղեկատվությունը, և այն, ինչ ստանում էր հայկական կողմը պետական մարմիններից, չէին համապաստախանում իրար։ 

«Հետք»-ի լրագրող, փաստերի ստուգման բաժնի ղեկավար Վահե Սարուխանյանը նշեց, որ գլխավոր մարտահարվերները, որոնք եղել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո, կարելի է 2 ճակատի առանձնացնել՝ ներքին և արտաքին։

«Փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետները ստիպված էին դիմագրավել թե՛ ադրբեջանական պրոպագանդային, թե՛ այստեղ՝ ներսում, դիմագրավել պաշտպանության նախարարության, կառավարական այլ մարմինների դրած սահմանափակումներին»,- նշեց նա։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը ևս պանելային քննարկման մասնակիցներից էր։

Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը փորձել է ունենալ փաստերի ստուգման հարթակ, սակայն դրա նկատմամբ վստահություն չի ձևավորվել։ «Դա մոտ 2-3 տարի առաջ էր, հարթակը որոշակի գործունեություն ծավալեց, վերջում հասկացանք, որ մենք չենք կարող լինել անկողմնակալ, որովհետև, որքան էլ ուզենք, չենք կարող Կառավարության կամ որևէ պաշտոնյայի վերաբերող նյութին վերաբերվել անաչառ, փաստերի ստուգում անել, այս հարթակի նկատմամբ վստահություն այդպես էլ չձևավորվեց։ Որպեսզի այս օբյեկտիվությունը լինի, փաստեր ստուգող հարթակը պետք է լինի անկախ»,- ասաց Ծառուկյանը։

Միջոցառման ավարտին տեսանյութ ցուցադրվեց InFact/Փաստացի հարթակի 2021-2023թթ. գործունեության մասին:

«Հետք»-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին, շնորհակալություն հայտնում մրցույթին հայտ ներկայացրած բոլոր լրագրողներին ու միջոցառման մասնակիցներին:

Նախագիծն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Հետք / Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի, ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի և Factor TV-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter