Հանքը փակել է գյուղացիների ճանապարհը և չի բացում
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը ավելի քան մեկ ամիս է, ինչ փակել է Սյունիքի մարզի Կուրիս գյուղից Ագարակ տանող ճանապարհը: Կոմբինատին պատկանող հանքավայրում պայթեցման աշխատանքներ կատարելիս ճանապարհին հող է թափվել, մինչ օրս այն չի վերացվել: Մինչդեռ Կուրիսի գյուղացիների մեծ մասը հենց Ագարակի պղնձամոլիբդենային կոմիբինատի կամ հանքի աշխատողներ են և Ագարակ են գնում հիմնականում աշխատելու համար: Հիմա Կուրիսի բնակիչները, որպեսզի հասնեն Ագարակ, պետք է շրջանցեն Լեհվազ գյուղը, հասնեն Մեղրի, այնտեղից` Ագարակ: Կուրիսից Ագարակ մոտ 10 կմ է, իսկ երբ շրջանցում են հանքը Լեհվազով և Մեղրիով հասնում Ագարակ, ճանապարհը եռակի երկարում է:
![]() |
|
Կուրիսից Ագարակ փակ ճանապարհը` կարմիրով (А-ից D կետ), |
«Հանքումը գործ են արել, զավալ ա էկել, փակվել է, չեն էլ բացում: Մարդիկ աշխատում են հանքում, ժողովուրդը ստիպված ոտքով է գնում»,- պատմեցին Կուրիսի գյուղամիջում հավաքված բնակիչները: Նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, քանի որ մեծ մասը Ագարակի կոմբինատի աշխատողներ են և չեն ուզում արտահայտած դժգոհությունները պատճառ դառնան իրենց անգործությանը և ընտանիքին զրկեն կերակրողից:
«Ժողովրդի կեսը ձմեռն իջնում է Ագարակ, ամառը գալիս են, հողերն են մշակում, տներին տիրություն անում, հիմա ճանապարհը փակ է, մարդ կա` հնարավորություն չունի մեքենայով գնալու, տրանսպորտ էլ չկա»,- պատմեց մեկ ուրիշ գյուղացի:
«Պիտի երկու հատ կանաչի տանեմ բազար` ծախեմ, չեմ կարողանում, ճանապարհ չկա, բայց ստեղ որ ճանապարհ լինի, մոտիկ է: Մեր գյուղապետը գնացել է էնտեղ, բողոքել է ու տեղյակ պահել, որ պետք է ճանապարհը բացել, բայց առաջընթաց չկա»,- ասում է Կուրիսի բնակիչ, կանաչի վաճառող տատը:
Մինչև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, գյուղացիները խնդրել են բացել ճանապարհը, գյուղին էլ միջհամայնքային տրանսպորտ տրամադրել, սակայն առ այսօր որևէ տեղաշարժ չկա. ոչ ճանապարհն է բացվել, ոչ էլ տրանսպորտ են տրամադրել:
Կուրիսի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանն անձամբ է եղել կոմբինատի տնօրենի մոտ: Ասում է` տնօրենը հանձնարարել է բացել ճանապարհը, բայց իրենց ասել են, որ մեխանիզմների հետ խնդիր կա:
«Մեր էդ ճանապարհը գնում էր անմիջապես բաց հանքի միջով: Նախկին ճանապարհը մի քիչ դրանից հեռու է, բայց էլի հանքի միջով է գնում: Իրենք ասում են, որ հանքի միջով չի կարելի մեքենա գնա, պայթեցման աշխատանքներ են տանում, վտանգավոր է: Բայց ես իրենց ասել եմ, որ էդ ճանապարհը միշտ էլ եղել է, պետք է անպայման բացվի: Ուղղակի ասում են, որ իրենց բուլդոզերները շարքից դուրս են եկել, հազիվ իրենց են յոլա տանում: Բայց սա երկար շարունակվել չի կարող»,- ասում է գյուղապետը: Եթե այս շաբաթ էլ ճանապարհը չվերականգնեն, Սուրիկ Գրիգորյանը դիմելու է մարզպետին, եթե հարկ եղավ` դատական կարգով կբողոքարկի:
Նշված ճանապարհը Կուրիսը կապում է Կարճևան գյուղի հետ, հետո նոր Ագարակի, այսինքն` ճանապարհը միջհամայնքային է: Գյուղապետն ասում է, որ ոչ ոք իրավունք չունի միջհամայնքային ճանապարհը փակել, առավել ևս համայնքը ճանապարհների հետ կապված որևէ պայմանագիր չի կնքել Ագարակի ՊՄԿ-ի հետ: «Ճանապարհը միշտ եղել է, պիտի լինի էլ»,- ասում է գյուղապետը:
Ճանապարհի խնդրի վերաբերյալ «Հետքը» անցյալ շաբաթ հարցումներով դիմել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինին, դեռ պատասխան չենք ստացել:

Ճանապարհից բացի, Կուրիսի բնակիչներին դուր չի եկել նաև գյուղի տարածքից Ամենափրկիչ եկեղեցին` Ագարակ տեղափոխելու մասին կառավարության որոշումը: Կոմբինատն իր գործունեությունն ընդլայնելու համար առաջարկել է տեղափոխել այն: Գյուղացիներին ասել են` տակը շատ պղինձ կա, քարերը կհամարակալեն ու կտեղափոխեն Ագարակ:
«5-րդ դարի կառուցած եկեղեցի է, մինչև հիմա չի քանդվել, դուք խի՞ եք քանդում, թե ինչ-որ տակը պղինձ կա, վերջ ի վերջո վերջո Աստծո տունն է: Էնտեղ որ զրիվ են անում, ստեղ դղրդում է, էդ զրիվներից տներ են ճաքում, փլվում, էդ եկեղեցին էլ որ էդքան զրիվներին դիմացել է, չարժե քանդած, ինչ է, թե դրա տակը լավ պղինձ կա»,- ասում է կուրիսեցի երիտասարդը, ով նույնպես աշխատում է Կոմբինատում:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կամ հանքում աշխատելու համար գյուղացիներն ընտանիքներով տեղափոխվել են Ագարակ: Պաշտոնապես գրանցված 112 անձնանցից Կուրիս գյուղում ձմռանը մնում է 4-5 ընտանիք` հիմնականում ծերեր: Կուրիսում ոչ դպրոց կա, ոչ մանկապարտեզ: Նույն ճակատագրին են արժանացել հարևան Գուդեմնիսը, որտեղ 66 բնակիչ է գրանցված, քիչ ներքև` Վահրավարը` գրանցված 57 բնակչով: Այս գյուղերում էլ ձմեռում են հիմնականում 4-5 ընտանիք: Գյուղերը դատարկվել են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել