HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դևիդ Քեմերոնը վերադարձել է բրիտանական կառավարություն. նա նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար։ Այդ մասին նշվում է Դաունինգ սթրիթ 10-ի X-ի միկրոբլոգում։ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ Նա կփոխարինի Ջեյմս Քլևերլիին, որն էլ իր հերթին նշանակվել է ներքին գործերի նախարար։ 

Նման փոփոխությունների պատճառը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից Սուելա Բրավերմանի հեռացումն է։ Նա The Times-ում սյունակ էր հրապարակել, որտեղ քննադատել էր բրիտանական ոստիկանությանը՝ պաղեստինամետ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար։ 

Բրավերմանը մեղադրվել է իրավիճակի լարվածության սրման մեջ։ Սյունակում, որը հրապարակվել էր նոյեմբերի 8-ին, բրիտանացի նախկին նախարարը մեղադրում էր ոստիկանությանը հակահրեական ակցիաների արմատական տրամադրված մասնակիցների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի մեջ՝ նշելով, որ մյուս ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատակիցներն ավելի խիստ են վերաբերվում ցուցարարներին:

Հոդվածը հավանության չէր արժանացել վարչապետի գրասենյակի կողմից, իսկ Բրավերմանը, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, հրաժարվել էր կատարել Դաունինգ սթրիթի խնդրանքը՝ մեղմացնելու հոդվածում առկա ձևակերպումները։ Սյունակի հրապարակումից հետո ներքին գործերի նախարարը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ 

Այս ամենի արդյունքում վարչապետ Ռիշի Սունաքը որոշեց, որ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին, իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունը կգլխավորի նախկին վարչապետ Քեմերոնը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Լոնդոնում կայացել էր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքող քաղաքացիների հերթական խոշոր բողոքի ակցիան։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել էր, որ բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 300 000 մարդ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել էին 800 000 մասնակիցների մասին՝ այն անվանելով Մեծ Բրիտանիայի պատմության ամենախոշոր ակցիաներից մեկը։

Լուսանկարը՝ Reuters/Suzanne Plunkett 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter