HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ՀԷՑ»-ը տարիներով հետաձգում է էլ.մատակարարման բարելավման աշխատանքները

Ջրվեժ գյուղի բնակիչ Արարատ Ճաղարյանը անցյալ տարի դատի է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, եւ ամիսներ անց դատարանը մասնակի բավարարել է նրա հայցը: Սակայն ֆուտբոլի միջազգային կարգի նախկին մրցավարը դատարանի վճիռը բողոքարկել է եւ այժմ սպասում է վերաքննիչի ակտին:

Ճաղարյանը 2008-ին երկու պայմանագիր է կնքել «ՀԷՑ»-ի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին: Ըստ այդմ՝ էլցանցերը բաժանորդին պետք է մատակարարեր 220 վոլտ լարմամբ հոսանք: Սակայն «ՀԷՑ»-ը չի կատարել իր պարտավորությունը, մատակարարված հոսանքը եղել է ավելի ցածր լարման, ինչից քաղաքացին տուժել է. շարքից դուրս են եկել նրա հեռուստացույցն ու սառնարանը:

Ընդհանրապես, Ջրվեժում հոսանքի տատանումները մեծ գլխացավանք են դարձել բնակիչների համար, քանի որ դրա պատճառով շարքից դուրս է գալիս թանկարժեք տեխնիկան, մարդիկ հայտնում են լրացուցիչ ծախսերի բեռի տակ ու լավագույն ձեւը, թերեւս, դատարան դիմելն է: Ճաղարյանն այս հարցում առաջինն է, ու մյուսներն այժմ սպասում են նրա եւ «ՀԷՑ»-ի վեճի հանգուցալուծմանը:

Սակայն մինչեւ դատարան դիմելը Արարատ Ճաղարյանն առկա խնդիրների մասին տեղյակ է պահել էլցանցերին ու խնդրել կարգավորել դրանք: Առաջին անգամ նա դիմել է 2008-ին: Ընկերության տեխնիկական գծով տնօրեն Կ. Դարբինյանն էլ «Գեղամա» մասնաճյուղին հանձնարարել է ավարտին հասցնել տվյալ տեղանքի օդային գծի շինարարությունը: 2010-ին էլ «ՀԷՑ»-ը դիմել է Ջրվեժի գյուղապետին՝ խնդրելով տարածք տրամադրել ենթակայանի կառուցման համար: 25 քմ տարածքը  շուտով տրամադրվել է, սակայն մինչ օրս ոչ դա է կառուցվել, ոչ էլ օդային գիծը: 2011-ին էլ Ճաղարյանի երկրորդ դիմումին ի պատասխան՝ ընկերությունը նշել է, որ «Ջրվեժ համայնքի էլ.մատակարարման բարելավման եւ հուսալիությունը բարձրացնելու նպատակով պատվիրվել է նախագիծ-նախահաշիվ, իսկ նախագծում առկա աշխատանքներն իրակացվելու են 2012 թ. ներդրումային ծրագրով»: Այս եւ այլ փաստաթղթերում, ինչպես երեւում է, «ՀԷՑ»-ը խոստովանել է իր ծառայության որակի բարելավման հանգամանքը, ինչը հետագայում նկատել է նաեւ դատարանը: Ավելին՝ համայնքի առաջատար մասնագետը պարբերաբար լարման չափումներ է կատարել Ճաղարյանի խնդրանքով եւ արձանագրել, որ առկա են հոսանքի լարման տատանումներ՝ 150-190 վոլտի արանքում:

Հենց նման տատանումների արդյունքում շարքից դուրս են եկել Ճաղարյանի հեռուստացույցն ու սառնարանը, որոնց վերանորոգման համար նա 203.000 դրամ է ծախսել: Դատարանում քաղաքացին պահանջել է իրեն վերադարձնել այս գումարը ու եւս 1.331.800 դրամ: Այս վերջինը, հայցվորի ձեւակերպմամբ, այն գումարն է, որն ինքը վճարել է 2008-ից ի վեր, սակայն դրա դիմաց չի ստացել որակյալ ապրանք:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արայիկ Մելքումյան) գտել է, որ Ճաղարյանը կարողացել է ապացուցել միայն այն, որ հեռուստացույցը փչացել է հենց հոսանքի տատանումից: Մասնավորապես, մասնագետի այդպիսի եզրակացություն էր ներկայացվել հայցվորի կողմից: Սարքի նորոգումն արժեցել է 143.000 դրամ: Իսկ ահա սառնարանի պարագայում դատարանը գտել է, որ այդպես էլ անհայտ է մնացել՝ սարքը փչացել է հոսանքի տատանմա՞ն, թե՞ այլ պատճառով: Բանն այն է, որ այս դեպքում Ճաղարյանը ներկայացրել է միայն նոր գնված դետալների հաշիվ-ապրանքագիրը, մասնագետի եզրակացություն չի եղել: Դատարանն էլ նշել է, թե, բացի այդ, ապրանքագրի վրա չկա նաեւ ամսաթիվ, ու դրանում առկա են մասեր, որոնց աշխատանքները կապ չունեն (օրինակ՝ գազի լիցքավորումը) էլեկտրական սնուցման հետ: Դատարանին անորոշության մեջ է գցել նաեւ այն, որ ապրանքագրով ընդհանուր գումարը կազմել է 68.000 դրամ, իսկ հայցվորը պահանջել է 60.000:

Արարատ Ճաղարյանը զարմանում է՝ նշելով, որ հաշիվ-ապրանքագրի հետ ներկայացրել է նաեւ ՀԴՄ կտրոնը, որի վրա գրված է ամսաթիվն ու ժամը, բացի այդ՝ ինչպե՞ս կարող է դատավոր մարդը չիմանալ, որ սառնարանի սնուցման սարքը փոխելիս կատարվում է գազի վերալիցքավորում: Ինչեւէ, Ա. Մելքումյանը կոնկրետ «ՀԷՑ»-ի պատճառով սառնարանի փչանալու հանգամանքն ապացուցված չի համարել:

Անորակ ծառայության փոխհատուցման պահանջի վերաբերյալ դատավորը համամիտ է եղել «ՀԷՑ»-ի հետ: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի 491 հոդվածի 2-րդ կետի՝ «ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաեւ այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, եւ նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի հրաժարվելու առքուվաճառքի պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը»: Դատարանն իր վճռում շեշտել է, որ «եւ» շաղկապը, ըստ օրենսդրության, նշանակում է նշված բոլոր գործողությունների պարտադիր առկայություն: Ասել է թե՝ եթե Ճաղարյանը պահանջում է վերադարձնել ապրանքի գումարը, ապա պետք է հրաժարված լիներ պայմանագրից, ինչը չի արել:

Բացի այդ՝ 491 հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ «սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից»: Դատավոր Մելքումյանն էլ նշել է, թե հոսանքն իր բնույթով այնպիսի ապրանք է, որը սպառվում է հենց ստացման պահից, եւ սպառողը ստացել է որոշակի բավարարում, որի դիմաց էլ վճարել է, այսինքն՝ ընդունել է այդ ապրանքը, հետեւաբար, վերոնշյալ հոդվածի 2-րդ կետը չի տարածվում էլեկտրաէներգիայի վրա: Այսկերպ «ՀԷՑ»-ի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ «հայցվորը վճարումներն իրականացրել է իր կողմից փաստացի սպառված եւ պատասխանողի կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց՝ դրանով իսկ համաձայնվելով մատակարարման պայմաններին: Նույնիսկ պայմանագրի կատարումից հրաժարվելու պայմաններում հայցվորը չի կարող պատասխանողին վերադարձնել վերջինիս կողմից մատակարարված եւ իր կողմից սպառված էլեկտրաէներգիան»:

Ստացվում է հետեւյալ պատկերը. քաղաքացին ու ընկերությունը պայմանագիր են կնքել հստակ որակի ապրանքի (220 վոլտ լարման հոսանքի) մատակարարման եւ գնման մասին: Ընկերությունը մատակարարել է ապրանք, որը չի համապատասխանել պայմանագրին, բայց դա իր բնույթով այնպիսի ապրանք է, որը հետ վերադարձնելու եւ փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորություն չկա: Ճիշտ է՝ քաղաքացին կարող է հետ ստանալ իր կրած իրական վնասները (գույքի կորուստ կամ վնասվածք, ինչպիսիք են հեռուստացույցի եւ սառնարանի օրինակները), բայց խաբված լինելու եւ անորակ հոսանքի դիմաց ընդունված սակագներով բարեխիղճ վճարում կատարելու հանգամանքն ընդհանրապես հաշվի չի առնվում: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս:

Թերեւս սրանով է պայմանավորված այն, որ հայցվոր կողմն իր պահանջում լրացում է կատարել՝ նշելով, որ պատասխանողը անհիմն հարստացել է, եւ ավելի քան 1 մլն դրամը փորձել է այսպես հետ ստանալ: ՀՀ Քաղ.օր.-ի 1092 հոդվածը սահմանում է. «Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)»:

Դատավոր Մելքումյանն էլ, շեշտադրում կատարելով օրենքի «առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի» բառակապակցությանը, իր որոշման մեջ գրել է, որ կողմերի միջեւ գործել եւ գործում է պայմանագիր, ընկերությունն էլ գումարներ ստացել է դրա եւ այլ օրինական հիմքերի վրա, հետեւաբար անհիմն հարստացման մասին պնդումները առարկայազուրկ են:

Այպիսով՝ հայցը բավարարվել է միայն հեռուստացույցի վնասի մասով՝ 143.000 դրամի չափով: Ճաղարյանն արդեն դիմել է վերաքննիչ դատարան, որի որոշումը կհարապարակվի հուլիսի 4-ին:    

Այս դեպքում հարց է ծագում, թե ինչ պետք է անի քաղաքացին, ով վճարում է սահմանված սակագներով՝ ակնկալելով համապատասխան որակի ապրանք կամ ծառայություն, սակայն ստանում է սպասվածից անորակը: Խնդիրն այն է, որ Ջրվեժի բնակիչներն արդեն հոգնել են այս իրավիճակից, ու, ինչպես Արարատ Ճաղարյանն է ասում, իր պահանջի բավարարումից հետո շղթայական ռեակցիայով դատական հայցերի տարափ է սկսվելու «ՀԷՑ»-ի դեմ: Իսկ մինչ այս ընկերությունը շարունակում է «էսօր-էգուց»-ի տարբերակով հետաձգել էլեկտրամատակարարման բարելավման աշխատանքները:     

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter