HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորն ընդդեմ «Երկիր» օրաթերթի. դատական նիստը հետաձգվել է

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Տիգրան Արզաքանցյանի հայցի քննությունն ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Սակայն «Երկիր» օրաթերթի ներկայացուցիչների` 7 րոպե ուշացման պատճառով դատավորը հետաձգել է այն մինչև ապրիլի 21-ը` ժամը` 14:00-ին:

Հիշեցնենք, որ օրաթերթն այս տարվա հունվարի 13-ին «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո տպագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին հոդված, որտեղ նշվում է, որ Տ. Արզաքանցյանն առաջին անգամ խորհրդարան է մտել որպես ստիլյագ, շարունակ գլուխ է գովում, թե ինչպես է ինքնաթիռներով գեղեցկուհիներ բերում ու տանում այս կամ այն երկիր, հայտնի է նաեւ որպես «կազինոների» մշտական հաճախորդ, շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին, խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով:

Տ. Արզաքանցյանը դատարանից պահանջել է ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի հիմքերով պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին լրիվ կամ մասնակի հրապարակել այս գործով դատարանի վճիռը եւ պատգամավորի ներկայացրած պատասխանը, «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 մլն դրամ որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում (1 մլն վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար), ինչպես նաեւ օրաթերթից բռնագանձել 568 հազար դրամ` որպես կատարված դատական ծախսեր, որից 500 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազարը` վճարված պետական տուրքի գումար:

Մարտի 14-ին Կենտրոնի դատարանը կատարողական թերթիկ է ուղարկել ԴԱՀԿ, որպեսզի հայցագնի չափով արգելանք դրվի պատասխանողին՝ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների: Սրա հիման վրա էլ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը մարտի 28-ին որոշել է հարուցել կատարողական վարույթ և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Իսկ արդեն մարտի 31-ի որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա և արգելել է այն տնօրինել և օտարել:

«Երկիրը» ԴԱՀԿ նշյալ որոշումները ստացել է այսօր փոստով: Օրաթերթը շարունակելու է տպագրվել, քանի որ նրա դրամական միջոցներն արգելանքի տակ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter