HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագրի պարտադիր պահանջը կհետաձգվի մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը

Առաջարկվում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պարտադիր պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Այս մասին նոյեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առողջապահության փոխնախարարը նշել է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները ՀՀ ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան աշխատանքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ` ՇՄԶ հավաստագիր: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար պահանջվում է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար` 160, միջին բուժաշխատողների համար` 140, դեղագործների համար` 100:

«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն ՇՄԶ հավաստագրեր, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ»,- ասել է փոխնախարարն ու հայտնել, որ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը` մինչեւ սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը հրատապ է, ուստի խնդրել է խորհրդարանականներին այն հաստատել 24-ժամյա ընթացակարգով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կարեւոր է համարել նախագիծն ու նշել, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու դրան: Պատգամավորը հետաքրքրվել է` Կառավարությունը միջոցներ ձեռնարկվելո՞ւ է ՇՄԶ կրեդիտների հավաքագրումն անվճար դարձնելու համար եւ ի՞նչ է նախատեսում Կառավարությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայի համար:

«Տեղի բնակիչներին տրամադրվող բժշկական ամբողջ ծավալը հասանելի է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Այն ընդգրկում է առողջության առաջնային պահպանման օղակում բժշկական բոլոր ծառայությունների հասանելիությունը, նախարարի հրամանով հասանելի դեղերը, ինչպես նաեւ հիվանդանոցային բուժօգնությունը, որի մեջ մտնում են նաեւ դժվարամատչելի եւ նորագույն բժշկական ծառայությունները: Կառավարության որոշման համաձայն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները համարվում են հատուկ խումբ, որի համար հասանելի են բոլոր ծառայություններ»,- ասել է Լենա Նանուշյանը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ու ՇՄԶ հավաստագիր չունեցող բուժաշխատողների հարցին` նախարարի տեղակալը  հավաստել է, որ ԱՆ-ն մի քանի միջոցառում է իրականացնում վերջիններիս համար: Նա նշել է` Առողջապահության նախարարությունը տեղյակ է, որ ԼՂ-ում մոտ 1500 ավագ եւ միջին բուժաշխատող է աշխատել, բայց, այնուամենայնիվ, իրականացվում է նաեւ նրանց գրանցումը, որի ընթացքում վեր են հանվում բոլոր կրթական կարիքները: «Եթե բռնի տեղահանված բուժաշխատողներն արդեն իսկ ունեն բավականաչափ հավաքած ՇՄԶ կրեդիտ, տրամադրում ենք հավաստագրերը»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:

Զեկուցողի խոսքով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանված մինչեւ 100 բուժաշխատող հավաստագիր է ստացել, 700 բուժաշխատող անվճար ուղղորդվել է կրթական հաստատություններ` վերապատրաստում անցնելու: Մինչեւ տարեվերջ պետության միջոցներով կրթական հաստատություններում վերապատրաստվելու հնարավորություն կտրվի 1200 բուժաշխատողի:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter