HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանը ողջունել է դեկտեմբերի 7-ին Էրդողանի այցը Աթենք

Հունաստանը ողջունում է դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Աթենք՝ մասնակցելու երկու երկրների համագործակցության խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միցոտակիսը վստահություն է հայտնել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերաբերյալ Հունաստանի և Թուրքիայի կարծիքների տարբերությունը չի խանգարի Աթենք Էրդողանի այցին:

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է, և դրա գործողությունները դատապարտվում են Հունաստանի կառավարության կողմից: Բավական է տեսնել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա տեղի ունեցած բարբարոսական հարձակման նկարները՝ հասկանալու, թե ինչ նկատի ունեմ։ Բայց այն փաստը, որ մենք համաձայն չենք Էրդողանի հետ ՀԱՄԱՍ-ի դերի հարցում, չի նշանակում, որ մենք չենք կարող նրան ողջունել Աթենքում։ Նրան, ի դեպ, Բեռլինում ընդունելու է նաև կանցլեր Շոլցը։ Դրանով մենք կփորձենք մեկ քայլ առաջ գնալ հույն-թուրքական մերձեցման հարցում, որն իրականում սկսվել է վերջին ամիսներին և որը մինչ այժմ տվել է որոշ կարևոր դրական արդյունքներ»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։

Միցոտակիսը հավաստիացրել է, որ Հունաստանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ պահանջելով, որ վերջինս ևս հարգի Հունաստանի իրավունքները: «Եվ մենք կփորձենք օգտագործել այդ առաջընթացը դեկտեմբերի 7-ին նախագահ Էրդողանի այցի միջոցով»,- ասել է հունական կառավարության ղեկավարը:

Աթենքում Հունաստանի և Թուրքիայի համագործակցության բարձր խորհրդի 5-րդ նիստը կկայանա դեկտեմբերի 7-ին: Ավելի վաղ նախատեսվում էր, որ այն տեղի կունենա Սալոնիկում։

Թուրքիան բազմիցս մտահոգություն է հայտնել թուրքական ափերին մոտ գտնվող կղզիներում Հունաստանի սպառազինության վերաբերյալ: Անկարան պնդում է, որ Եգեյան ծովի կղզիները «օկուպացված են հույների կողմից», իսկ «նրանք (թուրքերը-խմբ.) կարող են հանկարծակի գալ գիշերը և ներխուժել այդ կղզիներ»։ Ի պատասխան՝ Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ հունական կղզիների դիմաց տեղակայված են «Եվրոպայում ամենամեծ դեսանտային նավատորմը և թուրքական մի ամբողջ բանակ»։ Վերջին ամիսներին, սակայն, երկու երկրների միջև հարաբերությունները որոշակիորեն լավացել են, իսկ լարվածությունը՝ թուլացել։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter