HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ քայլեր չձեռնարկել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուն: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը՝ մեկնաբանելով երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը։

«Ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահը Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ի վերջո հանգեցնել ապաինտեգրմանը»,- TACC գործակալության փոխանցմամբ նշել է Էյսմոնտը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Հայաստանի վարչապետի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելուն: «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերը Հայաստանի վարչապետին ուղղվել է այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին։ Օրինակ Ռուսաստանի նախագահին դա արվել է նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Վերջինս ընդունել է հրավերը»,- հավելել է Էյսմոնտը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Մինսկում չի մասնակցի ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

«Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Լուսնակարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter